«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողով
Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպում է «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված հայ գրատպության 510-ամյակին։ Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին ամբողջ աշխարհից՝ դառնալով հարթակ գրադարանային միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես նաև ընդունված միջազգային ձևաչափերի, կառավարման համակարգերի, տեխնոլոգիաների ներդրման փորձառության համար։
Գիտաժողովի անցկացման ժամանակահատված` 2022թ.-ի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1:
Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են՝
- ազգային ժառանգության պահպանություն,
- թվային բովանդակության կառավարում,
- մատենագիտություն,
- գրադարանային կառավարում,
- գրադարանային ծառայություններ,
- մասնագիտական զարգացում,
- փաստաթղթերի պահպանություն, խնամք և վերականգնում,
- հեղինակային իրավունք և ոլորտին առնչվող իրավական այլ հարցեր,
- ընթերցանության խթանում։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն:
Գիտաժողովն իրականացվելու է համաժամանակյա թարգմանությամբ։
Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար (առկա կամ հեռավար) անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը և ուղարկել nlaconference2022@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ.-ի մայիսի 31-ը: Գիտաժողովի մասնակցության ճանապարհածախսը և գիշերակացը հոգում է գործուղող կողմը։ Գիտաժողովի զեկուցումները՝ հոդվածների տեսքով, կհրապարակվեն հոդվածների ժողովածուում, որին առնչվող բոլոր ծախսերը կհոգա Հայաստանի ազգային գրադարանը։ Հոդվածներին անվճար կտրամադրվի օբյեկտի թվային նույնականացուցիչ (DOI)։ Կազմկոմիտեն կարող է մերժել գիտաժողովի թեմատիկ ուղղություններին չհամապատասխանող մասնակցության հայտերը: Գիտաժողովի երրորդ օրը նախատեսվում է մշակութային ծրագիր՝ միտված ծանոթացնելու մասնակիցներին Հայաստանի բազմադարյա պատմամշակութային ժառանգությանը։ Գիտաժողովին առնչվող տեղեկատվական թարմացումներին կարող եք հետևել գիտաժողովի ֆեյսբուքյան էջում` Heritage Preservation for a Sustainable Future։
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/, shsu.science@gmail.com ):