Աշխատանքային հանդիպում ՇՊՀ-ում Էրազմուս+ WBL4JOB ծրագրի շրջանակներում

Ս.թ. ապրիլի 19-ին ՇՊՀ-ում տեղի ունեցավ աշխատաժողով Էրազմուս+ «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» WBL4JOB ծրագրի շրջանակներում:

Աշխատաժողովի նպատակն էր ամփոփել և հաստատել ծրագրի շրջանակներում մշակված «Դուալ բարձրագույն կրթության կազմակերպման» ուղեցույցը:

Աշխատաժողովին մասնակցում էին ծրագրի ՇՊՀ թիմի, ծրագրի համակարգող՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանի բանկերի միության և ծրագրի գործընկեր բանկերի ներկայացուցիչները:

Ծրագրի ՇՊՀ համակարգող Հովիկ Մելքոնյանը ներկայացրեց «Դուալ բարձրագույն կրթության կազմակերպման» ուղեցույցի ՇՊՀ տարբերակը, «Կառավարում» (ըստ ոլորտի) մասնագիտության ուսումնական պլանը, ինչպես նաև բուհի, ուսանողի և բանկերի միջև կնքվող եռակողմ համաձայնագիրը:

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը ներկայացրեց մենթորների վերապատրաստմանն առնչվող հարցերը և առաջարկեց այդ աշխատանքներում ներգրավել նաև ՇՊՀ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներին:

Հաշվի առնելով քննարկման ժամանակ մասնակիցների կողմից արված որոշ դիտարկումներ ու առաջարկություններ՝ ընդունելի համարվեց ուղեցույցի այդ տարբերակը, որն այնուհետև պետք է ներկայացվի ՇՊՀ գիտական խորհրդի հաստատմանը: