Միասին ուժեղ ենք

Ս․թ․ հոկտեմբերի 30-ին Շիրակի պետական համալսարանի նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպում անցկացվեց Շիրակի մարզպետի օգնական պրն․ Մինասյանի, Գյումրիում գործող բուհերի և քոլեջների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Աշխատաժողովի նպատակն էր՝ քննարկել Արցախում ընթացող Հայրենական պատերազմի մարտիկներին ցուցաբերվող, թիկունքի ամրապնդմանը նպաստող՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի ղեկավարությամբ իրականացվող աշխատանքներում մարզի բուհերի, քոլեջների աշխատակիցների և ուսանողության առավելագույն ներգրավվածություն ապահովելու, այդ նպատակով իրականացվող և նախատեսվող գործողություններում առավել միասնական ու արդյունավետ մոտեցումներ կիրառելու հայեցակարգային հարցերը։

Աշխատաժողովի մասնակիցները քննարկեցին և որոշակի առաջարկություններից ու դիտարկումներից հետո հավանություն տվեցին այն փաստաթղթի աշխատանքային տարբերակին, որտեղ առանձնացված էին ցուցաբերվող աջակցության հիմնական ոլորտներն ու իրականացման տարբերակները։

Աջակցության առավելագույն հասցեականության և մասնակից ուսումնական հաստատություններում առկա մարդկային, նյութական ու ֆինանսական ռեսուրսների համադրելիության ապահովման նպատակով որոշվեց, որ յուրաքանչյուր ուսումնական հաստատություն, իրենց հանրույթում նախապես քննարկելուց և հաստատելուց հետո, կներկայացնի իր կողմից իրականացվող աշխատանքների ոլորտները։

Շիրակի մարզի բուհերի և քոլեջների ներկայացուցիչների հաջորդ աշխատանքային հանդիպումն անցկացվեց նոյեմբերի 3-ին, որի ընթացքում ներկայացվեցին ուսումնական հաստատությունների կողմից իրականացված և նախատեսվող աշխատանքները։ Մասնավորապես, հաշվի առնելով արագ ու արդյունավետ հաղորդակցման, ինչպես նաև համավարակի պայմաններում առցանց կապի միջոցների կիրառման անհրաժեշտությունը, ստեղծվել է ֆեյսբուքյան աշխատանքային հարթակ, որոշակի աշխատանքներ են իրականացվել տաք գուլպաների, ձեռնոցների, գլխարկների, քնապարկերի, վրանների, պաշտպանիչ ցանցերի պատրաստման կամ ձեռքբերման, թղթի մակուլատուրայի հավաքման, ինչպես նաև մարտական գործողությունների շրջաններից կամավոր տեղափոխվածների համար բնակվելու պայմանների, սննդի կանոնավոր հատկացման, կենցաղային սպասարկման, սոցիալ-հոգեբանական խորհրդատվության ապահովման ուղղությամբ։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կրկին հավանության արժանացրին աջակցության իրականացման այն արդյունավետ ձևաչափը, որ բոլոր աշխատանքները համակարգվելու են Շիրակի մարզպետարանի կողմից, իսկ ուսումնական հաստատությունները պատրաստակամ են, ըստ մարզպետարանի կողմից ներկայացված առաջնահերթությունների, համատեղ ջանքերով իրականացնելու անհրաժեշտ աշխատանքները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին և հաստատվեցին նաև կազմակերպչական բնույթի այլ հարցեր ևս, որոնք կապահովեն աջակցության իրականացման արդյունավետությունն ու շարունակականությունը։