ՇՊՀ-ում էր Վալլադոլիդի համալսարանի միջազգային կապերի կենտրոնի աշխատակիցը

Շիրակի պետական համալսարանն այսօր հյուընկալեց եվրոպական գործընկեր համալսարանից հերթական հյուրին. Շիրակի մայր բուհում էր Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանի միջազգային կապերի կենտրոնի աշխատակից Միգել Պերեզը:

Համալսարանի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնում ռեկտորի պաշտոնակատար Ե. Սերոբյանի, արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հ. Մելքոնյանի և ամբիոնի վարիչ Ա. Հովհաննիսյանի հետ Միգել Պերեզը համագործակցության շարունակականության և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հարցեր քննարկեց:

Միջազգային կապերի կենտրոնի աշխատակիցը շրջեց նաև համալսարանում, եղավ միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության ամբիոնում, գիտական քաղաքականության, որակի ապահովման ու կառավարման կենտրոնում և բուհի ստուդիայում:

Հիշեցնենք, որ Շիրակի պետական համալսարանն ու Վալլադոլիդի համալսարանը համագործակցում են 2017 թվականից, այդ ընթացքում ՇՊՀ-ի 3 ուսանող և 1 աշխատակից ակադեմիական շարժունության ծրագրով իրենց ուսումնառությունը և դասախոսական աշխատանքը շարունակել են իսպանական համալսարանում, ևս մեկ աշխատակից մեկնելու է առաջիկայում: