Ներբուհական վերապատրաստումներ ՇՊՀ-ում՝ SMARTI ծրագրի շրջանակներում

Մարտի 24-25-ին SMARTI ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ում անցկացվեցին ներբուհական  վերապատրաստումների առաջին 2 դասընթացները։

Դասընթացների մասնակիցներին ողջունեցին SMARTI ծրագրի ՇՊՀ-ի համակարգող՝ արտաքին համագործակցության  և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հ․ Մելքոնյանը և նույն ծրագրի աշխատանքային խմբի անդամ՝ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Ն․ Ավետիսյանը։

«Անգլերենը հատուկ նպատակների համար և կրեդիտների կուտակման ու փոխանցման եվրոպական համակարգ/թյունինգ մոդուլային ուսուցման համակարգ» թեմայով դասընթացները անցկացրեց ծրագրի շրջանակում Պորտոյի համալսարանում վերապատրաստում անցած ՇՊՀ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Հասմիկ Մատիկյանը։

Դասընթացներին մասնակցում էին ՇՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բաժնի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները։

Առաջին օրը մասնակիցներին ներկայացվեցին պրեզենտացիայում, արձանագրություններում, ուղեկցող և մոտիվացիոն նամակներում, ինքնակենսագրության մեջ ակադեմիական անգլերենին բնորոշ կայուն կապակցություններն ու արտահայտությունները, ինչպես նաև դրանց գործածման հիմնական սկզբունքները։

Մասնակիցներն ստացան նաև առաջադրանքներ՝ գործնականում կիրառելու  և հաջորդ հանդիպմանը ներկայացնելու, քննարկելու համար։ Այդ առաջադրանքները միտված էին զարգացնելու ակադեմիական անգլերենի մասնահատկությունները նշված գործնական գրությունների համատեքստում:

Դասընթացների հաջորդ օրը փոխներգործուն մեթոդի կիրառմամբ մասնակիցները ներկայացրեցին իրենց կողմից կատարված աշխատանքները, ապա կատարեցին թեստային առաջադրանքներ։

Հանդիպման ավարտին ամփոփվեցին երկօրյա աշխատանքի արդյունքները։

Նշենք, որ վերապատրաստումների շարքը շարունակական է, հաջորդ 4 դասընթացները նախատեսվում են անցկացնել ապրիլի առաջին կեսին։

Օրակարգ

Պրեզենտացիա