ՇՊՀ-ում իրականացված Էրազմուս+ BOOST և միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի մոնիթորինգ

Հունիսի 23-ին ՇՊՀ-ում իրականացված Էրազմուս+ BOOST և միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի մոնիթորինգ անցկացրեցին Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները՝ համակարգող Լանա Կառլովայի ղեկավարությամբ։

Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները համալսարանի ղեկավարության հետ հանդիպմանը քննարկեցին իրականացվող միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի հետ կապված մանրամասները, համալսարանի գրանցած արդյունքներն ու առաջիկա անելիքները։

Էրազմուս+ BOOST ծրագրի վերջնարդյունքները քննարկվեցին ծրագրի շահառուների և համալսարանի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի աշխատակիցների հետ։ Շահառուները խոսեցին ծրագրին իրենց մասնակցության, ստացած հնարավորությունների և արդյունքների, ինչպես նաև վերապատրաստումներից հետո իրականացված աշխատանքների մասին։

Շահառուները կարևորեցին միջազգային ծրագրերին մասնակցությունը՝ որպես մասնագետներ կայանալու, եվրոպական համալսարանների առաջավոր փորձը յուրացնելու և համալսարանի հզորացմանը միտված աշխատանքներում կիրառելու գործում։

Միջազգային կրեդիտային շարժունությանը մասնակցած վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ էլ ամփոփվեց ակադեմիական շարժունության գործընթացը, թե ի՞նչ խնդիրներեն ունեցել մասնակիցները, ինչպիսի՞ աջակցություն են ստացել, ի՞նչ է տվել մասնակցությունը և ինչպե՞ս են իրենց հմտություններն եւ փորձը ներդրել Շիրակի մայր բուհում։

Կարևորելով համագործակցությունը՝ Էրազմուս+ ազգային գրասենյակի ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ միջազգային ծրագրերին մասնակցությունը Շիրակի պետական համալսարանը կշարունակի առավել ակտիվ՝ նոր ոլորտների ու մասնակիցների ներգրավմամբ։