ՇՊՀ-ի 7 ուսանող ուսումնառությունը կսկսի անվճար համակարգում

2021-22 ուստարում ՇՊՀ-ի առաջին կուրսի 7 ուսանող, ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի, ուսումնառությունը կսկսի անվճար համակարգում։

Ըստ օրենքի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը անվճար համակարգ ընդունված ուսանողների թվի 10 %-ի չափով իր միջոցների հաշվին փոխհատուցում է վճարովի համակարգ ընդունված ուսանողների վարձավճարը։

Անվճար կսովորեն ամենաբարձր միավորներով Շիրակի պետական համալսարանի տարբեր բաժինների վճարովի համակարգ ընդունված 7 առաջին կուսեցիներ։

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ֆակուլտետների դեկանների և ուսխորհրդի ներկայացուցչի հետ ընդունեց 7 ուսանողներին։ Ռեկտորի պաշտոնակատարը, շնորհավորելով ուսանողներին, հույս հայտնեց, որ այս հնարավորությունը ուսումը գերազանց առաջադիմությամբ սկսելու և այդպես էլ շարունակելու խթան կհանդիսանա նրանց համար։

Առաջին կուրսեցիներն էլ ներկայացրեցին համալսարանական կյանքի առաջին օրերի մասին իրենց տպավորությունները, խոստացան ակտիվ լինել ուսանողական կյանքում և առաջիկայում բարձրաձայնել իրենց ուսումնական հաջողությունների մասին։