ՇՊՀ -ում պաշտոնապես բացվեց մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ժամանակակից լաբորատորիա

Այսօր Շիրակի պետական համալսարանում պաշտոնապես բացվեց Էրազմուս+ AbioNet ծրագրի շրջանակում ստեղծված մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ժամանակակից լաբորատորիան, որի սարքավորումների հիմնական մասը բացառիկ է մարզում։

Բացմանը ներկա էին համալսարանի ղեկավարությունը, ստորաբաժանումների ղեկավարներ, աշխարհագրության, կենսաբանության և քիմայի ամբիոնի դասախոսներ, ուսանողներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Էրազմուս+ AbioNet ծրագրի շրջանակներում Շիրակի մայր բուհում ժամակակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա է ստեղծվել, ինչպես նաև նոր՝ «Կենսատեխնոլոգիա» մասնագիտությունն է ներդրվել մագիստրատուրայի կրթական ծրագրով։ Աշխատաշուկայում պահանջված մասնագիտությամբ արդեն 2-րդ տարին է, որ ընդունելություն է կատարվում։

ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը մաղթեց, որ համալսարանի նյութատեխնիկական հնարավորությունները գիտական նորարարությունների սկիզբ դառնան ուսանողների համար։ Ռեկտորի պաշտոնակատարը նաև վկայագրեր հանձնեց ծրագրի շրջանակում վերապատրաստումների մասնակցած և ստարթափ գաղափարների հեղինակ ուսանողներին և դասախոսներին։

Ծրագրի շրջանակում գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները և ծրագրի մասնակիցները կարևորեցին մարզում հագեցած լաբարատորիայի առկայությունը, ժամանակակից սարքավորումներով հետազոտական աշխատանքների անցկացումը, դրանց հիման վրա մագիստրոսական թեզերի պատրաստումը և ստարթափ ծրագրերի կազմումն ու իրագործումը։