Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ օր 3

ՇՊՀ-ում Շիրակի մարզի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների մասնակցությամբ ընթացող ամառային դպրոցի 3-րդ օրը ևս հագեցած էր։

Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետում աշակերտներին ողջունեց դեկան Թամարա Մելիքյանը, ծանոթացրեց ֆակուլտետի գործունեությանը, խոսեց ամբիոնների ու մասնագիտությունների մասին, ինչպես նաև ներկայացրեց աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական ոլորտների հեռանկարները։

Հաջորդիվ ամառային դպրոցի մասնակիցները շրջեցին համալսարանի արվեստի ամբիոնում, եղան արվեստանոցում, որտեղ էլ ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկնածու Օֆելյա Կուրազյանը նկարչության դաս վարեց։ Աշակերտները ծանոթացան նատյուրմորտի ժանրին և փորձեցին ինքնուրույն նկարել։

Առավել ակտիվ անցավ ուսանողների աջակցության, բուհ- գործատու համագործակցության բաժնի կազմակերպած տրամաբանական խնդիրների լուծումը, որի ընթացքում, բացի ներկայացված առաջադրանքներից, աշակերտներն իրենք խնդիրներ ու հարցեր առաջադրեցին։

Օրվա ամփոփումը կրկին սպորտային միջոցառումներով էր․ դահլիճում վոլեյբոլի կանոններին ծանոթանալուց հետո թիմային պայքար ընթացավ, իսկ համալսարանի բակում մարզվեցին հեծանվավազքի սիրահարները։