Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ 2-րդ փուլի ամփոփում

Շիրակի պետական համալսարանում այսօր ամփոփվեց «Ամառային դպրոց» ծրագրի 2-րդ փուլը։

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը շնորհակալություն հայտնեց աշակերտներին ակտիվ մասնակցության համար, հարցրեց նրանց տպավորությունների մասին, լսեց առաջարկություններն, ապա հետագա հաջողություններ մաղթեց նրանց։

Ռեկտորը մասնակցության վկայականներ հանձնեց աշակերտներին, իսկ լավագույն գիտակն ու լավագույն մարզիկը պատվորգրեր ու խորհրդանշական նվերներ ստացան։

Շնորհակալագրեր ստացան նաև ՇՊՀ-ի ուսանողներն, ովքեր որպես կամավոր օգնել էին ամառային դպրոցի ծրագիրն իրականացնելիս։

Մեկշաբաթյա ակտիվ միջոցառումների ընթացքում աշակերտներն ունեցան լավագույն հնարավորությունները մասնագիտական կողմնորոշման ու համալսարանական կյանքին ծանոթանալու, շրջեցին բոլոր ֆակուլտետներում, եղան ռազմական ամբիոնում, մասնակցեցին սպորտային ու ինտելեկտուալ խաղերի, ինչպես նաև այցելեցին Շիրակի մարզի պատմամշակութային վայրեր։

Աշակերտները Շիրակի մայր բուհին հրաժեշտ տվեցին վառ ու հարուստ տպավորություններով, նոր ծանոթություններ ձեռք բերած և արդեն որպես ուսանող վերադառնալու ցանկությամբ։