ՇՊՀ-ում քննարկվեց «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը

Օգոստոսի 25-ին Շիրակի պետական համալսարանում ներկայացվեց ու քննարկվեց «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը՝ այն իրականացնող կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Եռամյա ծրագիրը նպատակ ունի պաշտպանել երիտասարդների իրավունքները, ինչպես նաև ուժեղացնել ուսանողների և ուսանողական կազմակերպությունների կարողությունները՝ խրախուսելով հանրային կյանքում նրանց ներգրավումը։

Ներկայացնելով ծրագրի հիմնական նպատակներն ու խնդիրները՝ կողմերը քննարկեցին համագործակցության հնարավորությունները Շիրակի պետական համալսարանում։

ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը կարևորեց կրթության որակի բարելավմանը միտված նախաձեռնությունը`  շեշտելով հատկապես առաջարկվող հետազոտական աշխատանքների հնարավորությունները ուսանողների համար։

Եվրոպական միության դրամաշնորհային ծրագիրը իրականացնում են երեք կազմակերպություններ` «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հայաստանում հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը: