ՇՊՀ-ում նշվեց գիտելիքի և դպրության օրը

Գիտելիքի և դպրության օրը համալսարանականները նշեցին մայր բուհի բակում։ 2021-22 ուստարում Շիրակի պետական համալսարանում նորամուտը նշեց 330 ուսանող։ 230 ուսանող էլ որպես մագիստրոս կշարունակի իր ուսումնառությունը համալսարանում։

Շիրակի պետական համալսարանի ուսանողներին, դասախոսներին ու աշխատակիցներին ողջունեց համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։ Ռեկտորը ուսանողներին խորհուրդ տվեց ուսանողական ամեն օրը օգտագործել գիտելիքների պաշարը լրացնելու համար, գործընկերներին էլ մաղթեց արգասաբեր աշխատանքային օրեր՝ խաղաղ երկրում։

ՇՊՀ ՈՒԽ նախագահ Գևորգ Ղուկասյանն էլ իր շնորհավորական խոսքում կարևորեց, որ բոլոր ուսանողները գիտակցեն, որ իրենք ոչ թե Հայաստանի ապագան են, այլ ներկան և պիտի ամեն օր սովորեն, անտրտունջ աշխատեն ու ապրեն այդ առաքելությունը գիտակցելով։

Տոնական օրվա լուսանկարները ունենալուց, ցանկությունների արկղում իրենց առաջարկները տեղադրելուց հետո համալսարանում նորամուտը նշող առաջին կուրսեցիները ՇՊՀ ՈւԽ անդամներից ու ֆակուլտետների դեկաններից կրծքանշաններ ստացան, նրանց ուղեկցությամբ շրջեցին համալսարանում, ապա մասնակցեցին ուսումնական տարվա առաջին դասին։