ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առթիվ

Հարգելի՛ մանկավարժներ, գիտության ու կրթության գործի նվիրյալներ, սիրելի՛ ուսանողներ, աշակերտներ, շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Գրի և դպրության օրը մենք՝ հայոց դարավոր մշակույթի կրողներս, ևս մեկ անգամ պիտի արժևորենք մեզ հասած հարուստ մշակութային ժառանգությունն ու գիտակցենք մեր պարտավորություններն՝ այն պահպանելու և հետագա սերունդներին փոխանցելու գործում:

Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար։ Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ նրանց՝ մաղթելով լուսավոր ճանապարհ, բարձր առաջադիմություն, մեծ ձեռքբերումներ։ Թող ուսումնառության տարիները կրթօջախներում առաջին քայլերն անողների համար լինեն գիտելիքների և հմտությունների յուրացման, աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման արդյունավետ շրջան։

Մեր երկրի համար այս դժվարին օրերին մենք մեր պրպտող մտքով, խոհեմությամբ ու միասնաբար պիտի հաղթահարենք մեր առջև ծառացած մարտահրավերները և հարթենք գիտելիքահեն ապագայի ճանապարհը:

Օրվա խորհուրդն արժևորելով` կրթության ու գիտության գործի նվիրյալներին մաղթում եմ անսպառ կամք ու կորով, աշակերտներին և ուսանողներին՝ հաջող ու արգասաբեր ուսումնական տարի: