«Հոգեկան առողջություն և հոգեկան հիգիենա» թեմայով կլոր սեղան- քննարկում ՇՊՀ-ում

Օրերս Շիրակի պետական համալսարանում էր Գյումրիում Ռուսական տան տնօրենի պարտականություններ կատարող Անտոն Բերյանևը։ Նորանշանակ պաշտոնյան ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի, արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանի, հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան Թամարա Մելիքյանի հետ քննարկել է համագործակցության հետագա հնարավորությունները։ Կողմերը խոսել  են  երկու կառույցների միջև կնքված հուշագրով նախատեսված միջոցառումների արդյունավետ կազմակերպման  և նոր նախաձեռնություններով հանդես գալու մասին։

Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ էլ Գյումրիում Ռուսական տան նախաձեռնությամբ Շիրակի մայր բուհում կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել։

«Հոգեկան առողջություն և հոգեկան հիգիենա» թեմայով քննարկմանը զեկույցներ են ներկայացրել ՇՊՀ-ի հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոսները և ուսանողները, Գյումրու Ռուսական տան, Գյումրու բժշկական կենտրոնի և Գյումրու թիվ 8 միջնակարգ դպրոցի հոգեբանները։

Բանախոսներն անդրադարձել են մասնավորապես Covid-19-ի հոգեբանական հետևանքներին, թե համավարակն ինչ ազդեցություն է ունեցել բնակչության հոգեկան առողջության վրա և թե ինչ մեթոդներով է հնարավոր հաղթահարել կորոնավիրուսի հետևանքները։

Մասնագետները նշել են, որ ամբողջ աշխարհում, հատկապես մեկուսացումից հետո, ի հայտ են եկել տագնապային տրամադրություններ, դեպրեսիա՝ ինչպես Covid-19-ով վարակվածների, այնպես էլ չվարակվածների շրջանում։

Զեկուցողները բազմաթիվ օրինակներ ու դեպքեր են ներկայացրել, ծավալվել է արդյունավետ քննարկում։