Աջակցություն Արցախին. հաշվետվություն

Շիրակի պետական համալսարանը, որպես հանրային հաշվետվություն, ներկայացնում է հետևյալը.

1. Շիրակի մայր բուհը պատերազմի օրերին Արցախին օգնություն ցուցաբերելու և ֆինանսական միջոցները մեկտեղելու նպատակով ստեղծել էր միասնական հարթակ։ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի հատուկ հաշվեհամարին ՇՊՀ-ի աշխատակիցների և ուսանողների կողմից 03.10.2020թ. մինչև 21.12.2020թ. ժամանակահատվածում մուտքագրվել է 2.038.000 (երկու միլիոն երեսունութ հազար) ՀՀ դրամ, որն ամբողջությամբ փոխանցվել է «ՀԱՅԱՍՏԱՆ» համահայկական հիմնադրամին (տե՛ս կից տեղեկանքը):

2. Շիրակի պետական համալսարանն Արցախյան պատերազմի ընթացքում, ի թիվս այլ նախաձեռնությունների, բուհի հյուրատանը հոկտեմբերի 7–ից նոյեմբերի 26-ը հյուրընկալել էր պատերազմական գործողությունների հետևանքով Արցախից Հայաստան տեղափոխված կանանց, երեխաների ու տարեցների։

Առաջին իսկ օրից տեղափոխված 28 քաղաքացիների հետ աշխատելու համար ձևավորվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ռազմական ամբիոնի պարետ-պատասխանատու Երվանդ Աթոյանը, համալսարանի Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոսներ Անդրանիկ Շահինյանը և Ամալյա Խադունովան՝ ՇՊՀ ռեկտորի ԺՊ Ե. Սերոբյանի և ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Նազելի Ավետիսյանի ղեկավարությամբ։

Մասնագիտական խմբի ջանքերով կատարվել է կարիքների գնահատում, ապա վեր հանված կարիքների բավարարում՝ ՇՊՀ-ի ռեսուրսների, ինչպես նաև մի շարք գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ։

Համալսարանի ղեկավարության անմիջական միջնորդությամբ և աշխատակիցների օգնությամբ շահառուները ապահովվել են հագուստով, խնամքի միջոցներով, հիգիենայի պարագաներով, անցել են բուժզննում, ստացել համապատասխան դեղորայք և բուժում։ Արցախցի հյուրերի համար սննդի ապահովումը կազմակերպվել է՝ համագործակցելով Գյումրիի նախաձեռնող խմբերի ու սննդի կետերի հետ։

Պատերազմի հետևանքով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հայրենակիցների հետ տարվել է սոցիալ-հոգեբանական աշխատանք՝ նպատակ ունենալով զարգացնել նրանց ինքնօգնության կարողությունները, փոխանցել անհրաժեշտ սոցիալական հմտություններ, կատարել հոգեբանական խորհրդատվություն։ Ներառական կրթության կարիք ունեցող երեխաներին մասնագիտական աջակցություն էցուցաբերել Գյումրի բժշկական կենտրոնի մասնագետը։

Արցախցի երեխաների համար ապահովվել է կրթության իրավունքի իրացումը, ըստ սահմանված կարգի երեխաները հաճախել են նախակրթարան, դպրոց, միջին մասնագիտական հաստատություն։ Երեխաների ֆիզիկական և մտավոր զարգացումը չի սահմանափակվել դպրոց այցելությամբ: Երեխաների համար հյուրատանը կազմակերպվել են անհատական պարպմունքներ՝

Նկարչություն
Ծեփամածուկով ձեռքի աշխատանքների պատրաստում
Թիվ, թվաբանություն, հաշվարկ
Գույների, տարվա եղանակների, շաբաթվա օրերի, տառերի ուսուցում
Ֆիզիկական ակտիվություն և մարզումներ
Անգլերենի ուսուցում։

Մեծահասակների համար կազմակերվել է՝

Դիմահարդարման ուսուցում
Մակրամեյի ուսուցում

Ինքնուրույնության և սոցիալական հմտությունների ձեռքբերմանն ուղղված սոցիալական մենթորության արդյունքում մշակվել է «Ընտանեկան շաբաթ» սոցիալական ծրագիրը, որի շրջանակում շահառուներին փոխանցվել են հետևյալ կարողությունները

կենսական և սոցիալական հարմարվողականության հմտություններ
սոցիալական ներկայացման հմտություններ (անուն, ազգանուն, ծնողների անուններ, տարիք)
ինքնախնամքի հմտություններ
կենցաղային հմտություններ
հաղորդակցման հմտություններ
նոր համայնքում ապրելու հմտություններ
աշխատանքի որոնման հմտություններ
երեխաների ուսուցման և ժամանցի ճիշտ կազմակերման հմտություններ
որոշ դեպքերում իրականացվել է նաև կորսված հմտությունների վերականգնում։

Աշխատանքային խումբը ջանք չի խնայել նաև արցախցի հայրենակիցների համար ակտիվ և ուսուցողական ժամանց ապահովելուուղղությամբ։ Կազմակերպվել են քաղաքային տուրեր դեպի Գյումրու թանգարաններ, Մայր Հայաստան հուշահամալիր, Կենտրոնական զգոսայգի, այցելություն Շիրակի պետական համալսարան, Գյումրու տեխնոլոգիական կենտրոն։ Երեխաների համար լեցուն ժամանցային օր է կազմակերպվել Շիրակ մոլում, ծննդյան միջոցառումներ են անցկացվել Գյումրու ռեստորաններից մեկում։

Հայրենիքի համար ծանր ու դժվարին օրերին արցախահայերը, որոնց բնակավայրերում պատերազմական գործողություններ էին ընթանում, հույսով ու հավատով ուխտագնացության են մեկնել Մարմաշենի, Հառիճի վանական համալիրներ։

Պատերազմի ավարտին շահառուների Արցախ վերադարձը ևս կազմակերպվել է աշխատանքային խմբի անդամների օգնությամբ՝ համապատասխան պետական և ՏԻՄ կառույցներից սոցիալական երաշխիքներ ստանալուց հետո։ Արցախ վերադառնալուց հետո էլ մասնագիտական խումբը շարունակում է կապը հայրենակիցների հետ՝ առցանց սոցիալական մենթորություն և ուղղորդում իրականացնելով։

Տեղեկանք