ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարի շնորհավորանքը ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ:
Հայերիս մոտ կրթությունն ու կրթության նվիրյալի կերպարը առանձնացել է դեռ անհիշելի ժամանակներից։ Միջնադարից ի վեր դպրոցները գործել են եկեղեցիներին կից, իսկ մանկավարժի պարտականությունը կրել են հոգևորականները, որոնցից շատերը սրբադասվել են դարերի ընթացքում և կերտել ուսուցչի վեհ կերպարի չափորոշիչները։
Ազգային ու պետական հեռանկարի տեսանկյունից դժվար է գտնել ավելի բարդ և միաժամանակ ավելի պատվաբեր գործ, քան մատաղ սերունդ կրթելն ու հասարակության արժանապատիվ անդամ ձևավորելու առաքելությունը:
Յուրաքանչյուրիս մանկության ու պատանեկության տարիների հիշողություններում առանձնահատուկ տեղ ունեն մեր ուսուցիչները, որոնցից շատերը հեղինակություններ են եղել ու նպաստել մեր արժեհամակարգի ձևավորմանը։
Հարափոփոխ ժամանակի հետ երբեք չի փոփոխվել ուսուցչի դերը աշխարհի ոչ մի երկրում, փոխվել են միայն ժամանակի պահանջները։
Սիրելի՛ ուսուցիչներ, իմ լավ բարեկամներ, ձեզ բախտ է վիճակված լինել նոր ժամանակների Ուսուցիչը, ումից ավելի մեծ են ակնկալիքները, ում աշակերտներն ավելի պահանջկոտ են, ում տված գիտելիքն ավելի պահանջարկված է:
Եւս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ, ցանկանում մասնագիտական նորանոր նվաճումներ, առողջություն ու արժանապատիվ կենցաղ։