Նախապատրաստական դասընթացներ՝ ՇՊՀ դասախոսների մասնակցությամբ

Ժամանակի մարտահրավերին դիմակայելու համար և մտահոգ լինելով նոր՝ 2020-2021 ուստարում համալսարանում ուսումնական գործունեության իրականացման ու մատուցվող կրթական ծառայությունների որակի խնդիրներով՝ Շիրակի պետական համալսարանի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի նախաձեռնությամբ մշակվել է նախապատրաստական դասընթացի ծրագիր համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմերի համար: Առցանց դասընթացները մեկ հարթակում կազմակերպելու համար նախապատրաստական աշխատանքները իրականացվել են մինչ  նոր ուստարվա մեկնարկը:

2020 թվականի օգոստոսի 4-ից 26-ը դասընթացներ են կազմակերպվել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար։

Դասընթացի նպատակն էր ձևավորել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի` ZOOM ծրագրային միջավայրում առցանց ուսուցման կազմակերպման հմտություններ։

Շիրակի պետական համալսարանում դասախոսություններն առցանց անցկացնելու համար ZOOM հարթակը այս պահին համարվել է ամենահարմարը՝ ելնելով հիմնական գործիքակազմի հարուստ պնակից ու հաշվի առնելով ծրագրի միջներեսի պարզությունը՝ չնայած որ նախորդ կիսամյակում դասախոսների կողմից կիրառվել էր Moodle հարթակը և ընդհանրապես առցանց պարապմունքների իրականացման այլ միջոցներ ևս։

Նախապատրաստական դասընթացն իրականացվել է առցանց՝ նախապես հաստատված ժամանակացույցով ու ծրագրով՝ նկատի ունենալով ժամանակակից կրթության պահանջները։ Նախատեսվել և յուրաքանչյուր մասնագիտական ամբիոնի հետ անցկացվել է 4 հանդիպում՝ ընդհանուր 8 ժամ տևողությամբ։

Դասընթացներն իրականացրել է համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի լաբորանտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ն. Նազարյանը՝ դասախոսությունների ընթացքում ներկայացնելով ծրագրային միջավայրի միջներեսը, գործիքակազմը,  անցկացնելով գործնական հմտությունների ձեռքբերմանը միտված պարապմունքներ։

ZOOM հարթակի ընձեռած գործիքակազմն ամբողջությամբ կիրառելի և առցանց հարթակում դասախոսությունների կազմակերպումը հնարվորինս հասանելի դարձնելու նպատակով այս պահին դասընթաց է իրականացվում նաև ուսանողական կուրսերի ավագների հետ՝ նախատեսելով ունենալ համապատասխան վերջնարդյունքները, ինչպես․

  • ստեղծել նոր Zoom հաշիվ,
  • Zoom ծրագրային միջավայրում ստեղծել և խմբագրել կոնտակտների ցանկ,
  • կոնտակտների ցանկի հիման վրա ստեղծել համապատասխան անունով խումբ,
  • խմբում ավելացնել և հեռացնել օգտագործողներ,
  • կազմակերպել և իրականացնել խմբային զանգեր, կիսվել ֆայլերով և այլն:

Ուսանողական խմբերի հետ դասընթացները վարում է Գրադարան-խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի փոխտնօրեն Գևորգ Ասատրյանը։

Դասընթացն ամբողջացնում է դասախոսական համակազմի և ուսանողների համար ստեղծված մեթոդական ուղեցույցը, որը հասանելի է հետևյալ հղումով․ «ZOOM ծրագրից օգտվելու մեթոդական ուղեցույց»