ՇՊՀ-ում անցկացվեց «Հետազոտական հմտությունների զարգացում երիտասարդ հետազոտողների և ակադեմիական առաջնորդների համար» երկօրյա դասընթաց

Նոյեմբերի 18-ին և 19-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և «Փոլիսինեթ» գիտահետազոտական կենտրոնի համագործակցությամբ Շիրակի պետական համալսարանում անցկացվեց «Հետազոտական հմտությունների զարգացում երիտասարդ հետազոտողների և ակադեմիական առաջնորդների համար» երկօրյա դասընթացը։

Դասընթացի նպատակն էր միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտական աշխատանքի իրականացման անհրաժեշտ հմտություններ և գործիքակազմ, հանրային արժեք ունեցող մասնագիտական եզրակացություններով և էթիկայի նորմերիին համապատասխան գիտահետազոտական առաջարկներով հանդես գալու կարողություններ փոխանցել մասնակիցներին։

Դասընթացին ողջույնի խոսքով հանդես եկան ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչ Յոնաթան Նովակը և «Փոլիսինեթ» գիտահետազոտական կենտրոնի համահիմնադիր Մագդա Արսենյանը։

Երվանդ Սերոբյանը կարևորեց գիտահետազոտական ոլորտի զարգացմանը միտված դասընթացների անցկացումը՝ շեշտելով, որ Շիրակի մայր բուհը մշտապես պատրաստ է հարթակ տրամադրել երիտասարդ հետազոտոզներին փորձի ու հմտությունների փոխանակման նպատակով։

Երկօրյա դասընթացին մասնակցեցին ՇՊՀ-ի ուսանողներ և աշխատակիցներ, ինչպես նաև Շիրակի մարզի այլ բուհերի ու կառույցների ուսանողներ, հետազոտողներ։

Ոլորտի առաջատար մասնագետ-դասընթացավարները խոսեցին գիտության միջազգայնացման կարևորությունից մինչև հետազոտության դիզայնի և գիտական էթիկայի, հետազոտության մեթոդներից ու թվային ձևաչափերից մինչև միջառարկայական գիտության թեմաներով։

Դասընթացները մշակվել էին սոցիալական գիտության մեջ կիրառվող ամերիկյան ու եվրոպական ինստիտուտների ասպիրանտական ծրագրերի փորձառության հիմքով և անցկացվեցին հագեցած օրակարգով՝ տեսական ու գործնական մասերի համատեղմամբ։

Երկօրյա դասընթացն ավարտվեց գիտության մեջ առաջին քայլերն անող ուսանողներին ու երիտասարդ հետազոտողներին հավաստագրերի հանձնումով։