Ազգային աշխատաժողով Էրազմուս+ WBL4JOB ծրագրի շրջանակներում

2021թ. հոկտեմբերի 29-31-ը Էրազմուս+ WBL4JOB ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ազգային աշխատաժողով աշխատանքի վրա հիմնված ուսուցման իրականացման ազգային քաղաքականության և բարձրագույն դուալ կրթության վերաբերյալ: Աշխատաժողովին մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի անդամներ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Շիրակի պետական համալսարանի, Հայաստանի բանկերի միության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները:

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ աշխատաժողովի բացումը՝ ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի նախագահությամբ, որտեղ ներկայացվեցին աշխատաժողովի նպատակը և առաջիկա օրերի քննարկվելիք հարցերը: Ծրագրի համակարգող, Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը մասնակիցներին ներկայացրեց «2024-2030թթ.-ի համար բարձրագույն կրթության համակարգում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրման հայեցակարգի և աշխատանքային քարտեզի» և «Բարձրագույն դուալ կրթության ուղեցույցի» նախնական տարբերակները: Այնուհետև մասնակիցները բաժանվեցին 2 աշխատանքային խմբերի՝ վերոհիշյալ փաստաթղթերի քննարկման և լրամշակման համար:

Հաջորդ երկու աշխատանքային օրերի ընթացքում յուրաքանչյուր խումբ  ներկայացրեց իր առաջարկները՝ քննարկումների հիման վրա: Ըստ այդ առաջարկների որոշակի փոփոխություններ կատարվեցին նշված փաստաթղթերում, որոնց վերջնական տարբերկաները լրամշակվելուց հետո նորից կուղարկվեն բոլոր գործընկերներին: