Զինվորական կոչումների հանձնում ՇՊՀ-ի ռազմական ամբիոնի շրջանավարտներին

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՇՊՀ-ի ռազմական ամբիոնի 13 աղջիկ-շրջանավարտներին պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպած միջոցառումներին մասնակցելու և գերազանց առաջադիմություն ցուցաբերելու կապակցությամբ շնորհվել է պահեստազորի առաջին սպայական «‎լեյտենանտ» զինվորական կոչում՝ փոխադրելով նրանց ՀՀ զինված ուժերի սպայական կազմ։

ՇՊՀ-ի ռազմական ամբիոնում այսօր կայացավ շրջանավարտներին սպայական ուսադիրների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Պաշտոնական միջոցառմանը մասնակցեցին Շիրակի մարզպետը, Գյումրու փոխքաղաքապետը, ՇՊՀ-ի ռեկտորը, ՀՀ պաշտպանության նախարարության, Շիրակի ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, մարզային և քաղաքային իշխանությունների և ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ծնողներ։

Միջոցառումը մեկնարկեց 1 րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի համար կյանքը զոհաբերած ՇՊՀ-ի ուսանողներին ու շրջանավարտներին։

ՇՊՀ-ի ռազմական ամբիոնի պետ, գնդապետ Արթուր Մկրտչյանը ողջունելով ներկաներին, վստահություն հայտնեց, որ նորաթուխ լեյտենանտները արժանիրորեն կդրսևորեն իրենց հետագա գործունեության ընթացքում։

Սպայական ուսադիրներն ուսանողուհիներին հանձնեցին ՇՊՀ-ի ռազմական ամբիոնի պետն ու հյուրերը։

Ողջույնի ելույթներով հանդես եկան Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, ռազմական ամբիոնի շրջանավարտ Լիլիթ Ավետիսյանը։

Շիրակի մարզպետը շրջանավարտներին բարի ծառայություն մաղթեց՝ վստահություն հայտնելով, որ ի դեմս նրանց՝ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է։

ՇՊՀ-ի ռեկտորը շնորհավորելով և բարի երթ մաղթելով շրջանավարտներին՝ հույս հայտնեց, որ նրանք իրենց գիտելիքներն ու հմտությունները կծառայեցնեն խաղաղ պայմաններում։

ՇՊՀ-ի ռազմական ամբիոնի պետն արդյունավետ համագործակցության համար պատվոգրերով պարգևատրեց նաև մի շարք զինվորականների ու ամբիոնի շրջանավարտների։

Միջոցառումն ավարտվեց Շիրակի կայազորի նվագախմբի ելույթով և զինվորական հանդիսավոր երթով։