ՇՊՀ-ի ուսանողների հետ հանդիպեց Շիրակի մարզպետը

Նոր ուստարվա մեկնարկին Շիրակի պետական համալսարանում էր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Մարզպետը ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի և համալսարանականների ուղեկցությամբ շրջեց համալսարանում, ծանթացավ բուհի նյութատեխնիկական հնարավորություններին, եղավ մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիայում։ Էրազմուս+ AbioNet ծրագրի շրջանակում ստեղծված լաբարատորիայում Կենսատեխնոլոգիա մասնագիտության ուսանողներն իրենց փորձերի արդյունքներն ու առաջիկա անելիքները ներկայացրին մարզպետին։

Հովհաննես Հարությունյանն այնուհետ համալսարանի նիստերի դահլիճում հանդիպում ունեցավ Շիրակի մայր բուհի ուսանողների հետ, շնորհավորեց նրանց նոր ուստարվա մեկնարկի առթիվ և պատասխանեց մարզում առկա խնդիրների ու հնարավորությունների մասին նրանց հարցերին։

Մարզպետը խոստացավ պարբերաբար հանդիպել ուսանողների, ինչպես նաև դասախոսների հետ։