Մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ ՇՊՀ-ում

Նոյեմբերի 23-ին և 24-ին Շիրակի պետական համալսարանում անցկացվեցին մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ Գյումրու, Ախուրյանի և Անիի տարածաշրջանների դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ։

Ավագ դպրոցի աշակերտներին ողջունեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը՝ կարևորելով նրանց այցն համալսարան։ Ռեկտորը հույս հայտնեց, որ աշակերտները  մասնագիտական ճիշտ ընտրություն կկատարեն և հաջողություններ մաղթեց նրանց առաջիկա ընդունելության գործընթացում։

Հանդիպմանը ՇՊՀ-ի մասնագիտությունները, կրթական  և ուսանողական առօրյան ներկայացրեցին ֆակուլտետների դեկանները և ուսանողները։  Սեփական փորձառությունը և գրանցած հաջողությունները ներկայացնելով, վերջիններս ապագա դիմորդներին պատմեցին, թե ինչու ընտրեն Շիրակի պետական համալսարանը և ինչ հնարավորություններ կունենան մարզային ամենամեծ բուհում սովորելով։

Ապագա դիմորդները տեղեկատվություն ստացան նաև 2023-24 ուստարվա ընդունելության կարգի ու ժամկետների մասին, ինչպես նաև ծանոթացան համալսարանում գործող զեղչերին և այլ արտոնություններին։

Այցի ավարտին աշակերտները շրջեցին համալսարանում, եղան ընթերցասրահում, սպորտային դահլիճներում, «Բանականության բանալի» ակումբում։

Օգտագործելով ընձեռված հնարավորությունը՝ աշակերտները ոչ միայն ծանոթացան համալսարանին, այլ նաև ստացան ընդունելության գործընթացին առնչվող իրենց հուզող հարցերի պատասխանները։