ՇՊՀ-ում հանձնվեցին 2020-21 ուստարվա մագիստրոս-շրջանավարտների դիպլոմները

Հուլիսի 15-ին կայացավ Շիրակի պետական համալսարանի մագիստրոս- շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական միջոցառումը։

Շիրակի մայր բուհի 12-րդ սերնդի մագիստրոս-շրջանավարտները 186-ն էին, նրանցից 112-ը ստացավ գերազանցության դիպլոմ։

Մինչ պաշտոնական մեկնարկը ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհած հերոսների հիշատակը։

Ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը շնորհավորելով շրջանավարտներին՝ հույս հայտնեց, որ նրանք մշտապես բարձր կպահեն Շիրակի մայր բուհի անունը ցանկացած ասպարեզում, որ իրենց գիտելիքներն ու հմտությունները կծառայեցնեն ի նպաստ մեր երկրի և հանուն հայրենի քաղաքի շենացման։

Գերազանցության դիպլոմները մագիստրոսները ստացան ռեկտորի պաշտանակատարից, ֆակուլտետների դեկաններն էլ հանձնեցին մյուս շրջանավարտների ավարտական վկայականները։

Մագիստրոս-շրջանավարտներին իրենց երաժշտական կատարումներով ողջունեցին Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողները։

Շիրակի պետական համալսարանը կրթության և գիտության ասպարեզ ճանապարհեց 12-րդ սերնդի մագիստրոսներին և մեծ ոգևորությամբ սպասում է հաջորդ սերնդի ընդունելությանը։