Հանուն հավերժության․․․․

Այսօր Շիրակի պետական համալսարանում կայացավ «Ժեստ հոգեբանական կենտրոն»-ի նախաձեռնած «Հանուն հավերժության» խորագրով միջոցառումը։

Նախագիծը շարունակական շարք է՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Կենտրոնի նախաձեռնությամբ հավաքագրվում է հերոս քաջորդիների մասին կենսագրական տվյալներ, հուշեր ու հերոսական պատումներ, որոնք տպագրվում են գրքի տեսքով։

Շիրակցի 21 հերոսներին նվիրված միջոցառմանը մասնակցում էին զոհված զինծառայողների և կամավորականների ընտանիքի անդամները, ՇՊՀ-ի աշխատակիցները, Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոսները, կենտրոնի ներկայացուցիչները։

«Ժեստ հոգեբանական կենտրոն»-ի տնօրեն, հ.գ.թ., դոցենտ Մարիամ Մեհրաբյանն իր ելույթում խոսեց միասնականության մասին, որ պետք է առաջ շարժվել բոլորս մեկ ընտանիք ենք գաղափարով՝ օգնելով ու աջակցելով միմյանց։ Հոգեբանը նշեց, որ ընտանիքների հետ հանդիպումները շարունակական են լինելու, այդ համատեքստում կարևորեց Շիրակի պետական համալսարանի հետ արդյունավետ համագործակցությունը և արժեվորեց հոգեբանության մասնագիտության ուսանողների մասնակցությունը նախագծին։

Հերոսների ընտանիքի անդամները գրքերը ստացան՝ իրենց զավակների, ամուսինների ու եղբայրների կյանքի կարգախոսը բարձրաձայնելով, խոսելով նրանց լուսավոր կերպարի ու հերոսական արարքների մասին։

Միջոցառման ավարտին ՇՊՀ-ի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն- պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը սփոփանքի բայց և ապրելու, ընկածների հիշատակը ապրեցնելու խոսքեր փոխանցեց պատերազմում զոհվածների հարազատներին՝ նախաձեռնության համար շնորհակալ լինելով «Ժեստ» կենտրոնին։