Կյանքից հեռացել է Շիրակի մայր բուհի երկարամյա աշխատակից Ջուլիետա Տեր-Մկրտչյանը

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտորատը ցավով հայտնում է, որ կյանքի 80-րդ տարում իր մահկանացուն է կնքել համալսարանի երկարամյա աշխատակից Ջուլիետա Տեր-Մկրտչյանը:

Ջ. Տեր-Մկրտչյանը ծնվել է 1941 թվականին, Լենինականում:

1967-ին, ավարտելով Լենինականի  Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը, Ջ. Տեր-Մկրտչյանն աշխատանքի է ընդունվում նույն ինստիտուտում:

1974-ին նա զբաղեցրել է ինստիտուտի կադրերի բաժնի տեսուչի, իսկ 1985-2014թ.թ.՝ կադրերի բաժնի վարիչի պաշտոնը:

2014-2015թ.թ. Ջ. Տեր-Մկրտչյանն աշխատել է որպես ռեկտորի օգնական:

Երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում Ջ. Տեր-Մկրտչյանը միշտ էլ առանձնացել է իր մասնագիտական ու անձնային բարձր հատկանիշներով, աշխատանքի, գործընկերների նկատմամբ հարգանքի ու պատասխանատվության զգացումով, աշխատասիրությամբ, ինչպես նաև իր մեղմ, բարի ու ընկերասեր վերաբերմունքով:

Անբասիր ու նվիրված աշխատանքի շնորհիվ Ջ. Տեր-Մկրտչյանը վայելել է ՇՊՀ ուսանողների, գործընկերների սերն ու հարգանքը:

Ծանր կորստի այս պահին ՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը  խորին  ցավակցությունն  ու  մխիթարանքի  խոսքերն  է   հղում Ջ. Տեր-Մկրտչյանի հարազատներին և կիսում նրանց վիշտը:

Ջ. Տեր-Մկրտչյանի հոգեհանգիստը կլինի նոյեմբերի 12-ին, ժամը 17:00-ին, Ավստրիական թաղամասի Սուրբ Հռիփսիմե մատուռում:

Հուղարկավորությունը՝ նոյեմբերի 13-ին, ժամը 14:00-ին, նույն մատուռից:

 

 

ՇՊՀ ռեկտորատ