Ինչու՞ ընտրել ՀՀ մարզային ամենամեծ բուհը․ տեղեկատվական հանդիպում Ախուրյանում

Շիրակի պետական համալսարանի աշխատանքային թիմի հերթական տեղեկատվական հանդիպումն Ախուրյանում էր։

Ն․ Աղբալյանի անվան ավագ դպրոցի աշակերտներին ներկայացվեց Շիրակի մայր բուհի երկարամյա գործունեության արդյունքում գրանցված ձեռքբերումներն ու հաջողությունները, ուսանողների կրթության և ինքնադրսևորման համար ստեղծված հնարավորությունները։

ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գ․ Ասատրյանն ուրախությամբ հայտնեց, որ Շիրակի մայր բուհը մեծ թվով ուսանողներ է ունենում Ն․ Աղբալյանի անվան ավագ դպրոցից, որոնք աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ։ Խոսելով ընդունելության գործընթացի մասին՝ պատասխանատուն նշեց, որ 2022-23 ուստարում բոլոր մասնագիտություններով պատադիր է 2 քննության հանձնումը, խոսեց նաև միասնական և ներբուհական քննությունների մասին։

Բարձր դասարանցիները ծանոթացան նաև Կառավարության կողմից տրամադրվող և Շիրակի պետական համալսարանում գործող զեղչերին, հնարավորություն ունեցան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։