Փաստերի ստուգում․ վարպետության դաս ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանում լրագրության բաժնի ուսանողների և դասախոսների մասնակցությամբ վարպետության դաս անցկացրեց փաստերի ստուգման մասնագետ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Հարություն Ծատրյանը։

Բանախոսը ներկայացրեց փաստերի ստուգման օնլայն մի շարք գործիքներ, որոնք հեշտացնում են լրագրողի աշխատանքը, օգնում ժամանակ խնայել և պարզել տվյալների, հրապարակված բովանդակության իսկությունը։

Փաստերի ստուգումը ամենօրյա լրագրողական աշխատանքի կարևորագույն սկզբունքներից է, հատկապես մեր օրերում, երբ սոցիալական ցանցերում և  ԶԼՄ-ներում կեղծ տեղեկությունների շրջանառումը մեծ ծավալների է հասել։

Մասնագետի խոսքով, ստուգված փաստերով ու իրականությանն համապատասխան տեղեկություններ տարածելու համար լրագրողները պետք է օգտագործեն փաստերի ստուգման գործիքները՝ նպաստելով նաև մեդիագրագիտության տարածմանը:

Հարություն Ծատրյանը  ներկայացրեց նաև «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակում լույս տեսած  «Փաստերի ստուգման ուղեցույց» գրքույկը և մի քանի օրինակ նվիրեց համալսարանին։

Վարպետության դասը իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից տրամադրվող դրամաշնորհի շրջանակում և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի և Հանրային լրագրության ակումբի կոալիցիայի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն. նոր մարտահրավերներ, նոր լուծումներ» ծրագրի շրջանակում: