Էրազմուս+ ակադեմիական շարժունության ծրագրով ՇՊՀ-ում է Սուչավայի համալսարանի դասախոսը

Էրազմուս+ ակադեմիական շարժունության և փոխանակման ծրագրի շրջանակներում Շիրակի պետական համալսարանը հյուրընկալել է Ռումինիայի Սուչավայի համալսարանի պատմության և աշխարհագրության ֆակուլտետի դասախոս Վասիլի Էֆրոսին։

ՇՊՀ-ն ու Սուչավայի համալսարանը համագործակցում և փոխանակման ծրագրեր են իրականացնում նախապես կնքած պայմանագրի շրջանակներում։

Ռումինացի մասնագետը հանդիպումներ է ունեցել ՇՊՀ-ի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնում՝ քննարկելով 2 համալսարաննների միջև համագործակցության, ուսանողների և աշխատակիցների ակադեմիական շարժունության և փոխանակման հնարավորությունները։

Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ փորձի փոխանակման նպատակով հանդիպում է կազմակերպվել, որի ընթացքում քննարկվել են նաև մասնագիտական ամբիոնների համագործակցության հեռանկարները, նոր ուստարվա ընթացքում փոխադարձ առցանց դասընթացներ կազմակերպելու հարցը։