Նոյեմբերի 11-12-ը ՇՊՀ-ում կայացավ «Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը
Շիրակի պետական համալսարանում նոյեմբերի 11-12-ը կայացավ «Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային առցանց գիտաժողովը։
COVID-19-ի համաճարակային վիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ նախապես հիբրիդային մասնակցության ձևով ծրագրված գիտաժողովն անցկացվեց միայն առցանց։
Գիտաժողովի լիագումար նիստին ողջույնի խոսքով հանդես եկավ ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։ Կարևորելով գիտաժողովի անցկացումն ու արդյունավետ ընթացք մաղթելով մասնակիցներին, նա նշեց․ «Լիահույս եմ, որ գիտաժողովի թեմատիկ քննարկումներն ու ամփոփիչ եզրահանգումները կրթության և գիտության արդի հիմնախնդիրներին նոր լուծումներ կառաջարկեն, որոնք էլ կնպաստեն կրթական համակարգի արդիականացմանը»։
Լիագումար նիստին ներկայացվեց 3 զեկուցում, որից հետո աշխատանքները շարունակվեցին հետևյալ 7 բաժանմունքներում․
- Կիրառական մաթեմատիկա, մեխանիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա և ինժեներական գիտություններ
- Բնական գիտություններ, աշխարհագրություն և զբոսաշրջություն
- Հայոց լեզու, գրականություն և արվեստ
- Օտար լեզուներ և գրականություն
- Պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն, փիլիսոփայություն, սոցոլոգիա
- Տնտեսագիտություն և կառավարում
- Մանկավարժություն, հոգեբանություն, ֆիզիկական դաստիարակություն և սպորտ
Երկօրյա գիտաժողովին 114 գիտական զեկուցումներով հանդես եկան 167 մասնակիցներ՝ հայաստանյան տարբեր բուհերից, ինչպես նաև Ռուսաստանից և Պորտուգալիայից։
Գիտաժողովի փակմանը համանախագահները բարձր գնահատեցին գիտաժողովի արդյունավետ անցկացմանն ուղղված կազմհանձնաժողովի ջանքերը։ Ամփոփելով աշխատանքները բաժանմունքներում՝ նրանք նշեցին, որ հոդվածներով ներկայացվել են համապատասխան ոլորտներում նոր հետազոտությունների արդյունքներ, կրթության և գիտության արդի հիմնախնդիրներն արծարծող և դրանց լուծումներ առաջարկող զեկուցումներ, որոնք անցել են բուռն քննարկումներով ու կարծիքների փոխանակմամբ։
Շիրակի մայր բուհում կայացած գիտաժողովին ներկայացված հոդվածները կանցնեն գրախոսում և տպագրության երաշխավորված աշխատանքները լույս կտեսնեն ՇՊՀ-ի գիտական տեղեկագրի հատուկ համարում։