ՇՊՀ-ում ներկայացվեց «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը

Շիրակի պետական համալսարանում այսօր ներկայացվեց «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության և «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագրի քարտուղարության ներկայացուցիչները պատմեցին բրիտանական առաջատար համալսարաններում անվճար մագիստրոսական կրթություն ստանալու հնարավորությունների մասին: Ուսանողներին ներկայացվեցին ծրագրի մանրամասները, ժամկետները, դիմելու կարգը:

«Չիվնինգ»-ի շրջանավարտ, Նոթինգեմի  բիզնես դպրոցում սովորած Վարդան Հարոյանն էլ ուսանողների հետ կիսվեց իր փորձառությամբ, օգտակար խորհուրդներ տվեց և հորդորեց անպայման մասնակցել ծրագրին, մերժվելուց հետո կրկին փորձել:

Նշենք, որ «Չիվնինգ»-ը բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը առաջնորդության հմտություններ ունեցող երիտասարդներին ամբողջական ֆինանսավորում է տրամադրում ցանկացած բրիտանական համալսարանում մեկամյա մագիստրոսական կրթություն ստանալու համար: 2020/21 ուստարվա համար հայտերը կընդունվեն օգոստոսի 5-ից մինչև նոյեմբերի 5-ը: Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն բակալավրի կոչում և երկամյա աշխատանքային փորձ (ներառյալ՝ կամավորական աշխատանքը)։ Կրթաթոշակը տրամադրվում է ինչպես կրթության, այնպես էլ կեցության ծախսերը հոգալու համար։ Ծրագրի մյուս պայմաններին և մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքում: