Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձը հայոց բանակի տոնի առթիվ.

Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի նորագույն պատմության առաջին եւ մեծագույն ձեռքբերումն է, պատմական փաստ եւ անհերքելի ճշմարտություն։ Քառորդ դարից էլ ավելի մեր բանակը եւ ողջ հասարակությունն ապրում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում, բայց և պաշտպանվածության զգացումով, որ ունենք ազգային բանակ՝ երաշխավորը մեր ժողովրդի և պետականության։

Այսօր նոր սերունդը շարունակում է մեր բանակի եւ զինվորականության լավագույն ավանդույթները, որոնք ձեւավորվել են Արցախյան հերոսամարտի թոհուբոհում։ Ապրիլին վկան եղանք մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորի սխրանքին, ով իր կյանքի գնով կատարեց իր առաջադրանքը` պաշտպանելով այն ամենն, ինչը սուրբ ու նվիրական է բոլորիս համար: Զինվորներից շատերը պատվով կատարելով ռազմական առաջադրանքն ու արժանանալով հերոսի կոչմանն՝ այսօր արդեն պատվով են կատարում կրթության ու գիտության ոլորտի առաջադրանքները նաև Շիրակի մայր բուհում՝ Շիրակի պետական համալսարանի տարբեր բաժիններում, ապացուցելով ագգային ոգու մտավորական հենքը:

Այսօր` մեր հաղթական բանակի օրը, մեծ տոն է և առիթ` հպարտանալու նոր սերնդի հայրենասիրությամբ ու բազկի հզորությամբ, խոնարհվելու նրանց հիշատակին, ովքեր իրենց արյամբ գծելով մեր երկրի սահմանները՝ կազմակերպեցին հայկական երկու պետությունների սահմանների պաշտպանությունը:

Շնորհավո՛ր տոնդ, զարթոնքի սերնդի հզոր երիտասարդներից կազմված անպարտելի բանակ:

Շնորհավո՛ր տոնդ, մեր փառապանծ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ: