«Armeniaca. հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ամսագրի» առցանց ձևաչափ

Իտալիայում մեկնարկել է «Armeniaca. հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ամսագրի» առցանց ձևաչափը՝ Վենետիկի Կա՛Ֆոսկարի հրատարակչության կողմից։

Այս նախաձեռնությունն ակադեմիական շրջանակներում էլեկտրոնային ամսագրերի անընդհատ տարածման արդյունք է և հայագիտության համար ևս նման գիտական գործիք ստեղծելու նպատակ է հետապնդում։

Նախագծի իրականացման հարցում ներգրավվել են իտալական չորս համալսարանների ներկայացուցիչներ, որտեղ ներկայումս հայագիտությունն առկա է ուսումնական ծրագրում (Բոլոնյա, Ֆլորենցիա, Պիզա և Վենետիկ):

Գիտական խորհրդի կազմում ներառված են Եվրոպայի և դրա սահմաններից դուրս տեղակայված տարբեր հետազոտական կենտրոնների և համալսարանների հայագետներ (Գլխավոր խմբագիրներ՝ Ալդո Ֆերարի՝ Կա՛ֆոսկարի համալսարան, Ալեսանդրո Օրենգո՝ Պիզայի համալսարան, Զարուհի Պողոսյան՝ Ֆլորենցիայի համալսարան, Աննա Շիրինյան՝ Բոլոնյայի համալսարան): Այն բաց է հայագիտական ուսումնասիրությունների բոլոր հիմնական ոլորտների համար (հնագիտություն, արվեստ, բանասիրություն, գրականություն, լեզվաբանություն, պատմություն) և ներկայացնում է հոդվածներ անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով:

Ստորև՝ հղումը․

https://edizionicafoscari.unive.it/media/pdf/journals/armeniaca/2022/1/iss-1-2022_1x94Bit.pdf

Հայտնում եմ նաև, որ 2022 թվականի դեկտեմբերի 6-7-ը Ֆլորենցիայում տեղի է ունեցել Առևտրի, հնագիտության և Կովկասի, Անատոլիայի և Միջագետքի միջև հողերի ինտեգրումը աֆրո-եվրասիական համաշխարհային համակարգում (9-14-րդ դդ.) թեմայով միջազգային գիտաժողովը /Conference on Trade, Archaeology and the Integration of the Lands between the Caucasus, Anatolia and Mesopotamia in the Afro-Eurasian World System: 9th -14th Centuries/ (կազմակերպիչներ՝ Զարուհի Պողոսյան, Էլիզա Պրունո, Միկելե Նուչիոտի)։

Գիտաժողովը ՛՛ERC Project ArmEn՛՛ ծրագրի մի մասն է, որի նպատակը Հայկական բարձրավանդակի և ավելի ընդարձակ տարածքի ուսումնասիրության համար նոր շրջանակ ստեղծելն է։

Գիտաժողովի շրջանակում քննարկվել է առևտրային հարցերում Կովկասի, Անատոլիայի և Միջագետքի ներառումը միջնադարյան աֆրո-եվրասիական հաղորդակցուղիների շուրջ բանավեճերում՝ կենտրոնանալով հատկապես այս առևտրում հայերի դերի, պատմական Հայաստանով անցնող առևտրային ուղիների և ներմուծվող կամ արտահանվող ապրանքների վրա։

https://www.armen.unifi.it/art-235-1st-international-conference-of-the-erc-project-armen.html: