ՇՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2025թ. հունիսի 27-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ հանրապետական ուսանողական գիտաժողովը:

Գիտաժողովին մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 100 ուսանողներ ու մասնագետներ ինչպես ՇՊՀ-ից /70 մասնակից/, այնպես էլ ՀՀ մի շարք բուհերից /30 մասնակից/, մասնավորապես, Երևանի պետական համալսարանից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, Վանաձորի, Գավառի պետական համալսարաններից:

Մասնակիցների գրանցումից հետո գիտաժողովի աշխատանքները կազմակերպվեցին լիագումար նիստում, որից հետո՝ 9 բաժանմունքներում.

  •  Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Գիտություններ Երկրի մասին և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  •  Պատմական գիտություններ
  •  Իրավաբանական գիտություններ
  • Բանասիրական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ
  • Մանկավարժական գիտություններ
  • Հոգեբանական գիտություններ
  • Սպորտ և արվեստագիտություն
  • Տնտեսագիտություն

Գիտաժողովի լիագումար նիստին ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանի ողջույնի խոսքը ներկայացրեց Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հ. Մելքոնյանը, ողջույնի խոսքով հանդես եկավ գիտաժողովի կազմհանձնաժողովի նախագահի տեղակալ Լ. Մարգարյանը: Լիագումար նիստին զեկուցմամբ հանդես եկան ՇՊՀ ուսանող Ք. Հարությունյանը և ԵՊՀ ուսանող Է. Գրիգորյանը:

Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին բաժանմունքներում, որտեղ մասնակիցները գիտաժողովի ծրագրին համապատասխան ներկայացրեցին իրենց զեկուցումները: Բաժանմունքներում աշխատանքներից հետո ՇՊՀ դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի փակումը, որի ընթացքում արդյունքներն ամփոփվեցին բաժանմունքների համանախագահների կողմից, ովքեր փաստեցին, որ գիտաժողովն անցել է բուռն քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ, բարձրացված խնդիրների համար լուծումների առաջադրմամբ: Գիտաժողովի փակումից հետո հյուրերի համար կազմակերպվեց էքսկուրսիա, որի ընթացքում հյուրերը ծանոթացան Գյումրու պատմամշակութային նշանակություն ունեցող վայրերին:

Գիտաժողովի կազմակերպչական հարցերում իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին ՇՊՀ ՈՒԳԸ անդամները:

Գիտաժողովի բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ, իսկ ներկայացված գիտական այն հոդվածները, որոնք գրախոսման արդյունքում կերաշխավորվեն տպագրության, լույս կտեսնեն գիտաժողովի նյութերի ժողովածուում: