ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդիպում-քննարկում անցկացրեց ուսանողների հետ
Նոյեմբերի 25-ին Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդիպում-քննարկում անցկացրեց Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության անդամների հետ։ Հանդիպման նպատակն էր վեր հանել ուսանողների կարիքները և գտնել դրանց հնարավոր լուծումները։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանը, Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լիլիթ Մարգարյանը, Որակի ապահովման բաժնի պետ Գայանե Ավետիսյանը։
ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը նշեց, որ որակյալ կրթական միջավայրի ապահովման նպատակով ուսանողների գիտակրթական, սոցիալ-մշակութային կարիքների մշտադիտարկումը, ուսումնասիրումը և վերհանումը ամրագրված են «ՇՊՀ ուսանողների կարիքների բացահայտման և օժանդակման կարգում»։ Նա ընդգծեց, որ այս կարիքների վերհանման և դրանց բավարարման գործընթացները ՇՊՀ ռազմավարական առաջնահերթություններից են։
Քննարկման ընթացքում ծավալվեց ակտիվ հարց ու պատասխան։ Ուսանողները բարձրաձայնեցին իրենց ուսումնառությանը, հետազոտական աշխատանքներ կատարելուն, ինչպես նաև հանգստին ու ժամանցին առնչվող հարցեր ու խնդիրներ: Ռեկտորը և հանդիպման մյուս մասնակիցները պատասխանեցին բոլոր հարցերին՝ խոստանալով յուրաքանչյուր խնդրի համար գտնել համապատասխան լուծում: