Տեղեկատվական հանդիպում՝ նվիրված գիտահետազոտական դրամաշնորհային ծրագրերի հնարավորություններին

2024թ․-ի նոյեմբերի 27-ին Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ամենամյա բնույթ կրող տեղեկատվական-իրազեկման հանդիպում, որի նպատակն էր աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության ուղղությամբ համալսարանում առկա, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի կողմից առաջարկվող դրամաշնորհային ծրագրերի հնարավորություններին ու առանձնահատկություններին ծանոթացնելը։ Բանախոսներն էին Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն, ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Լիլիթ Մարգարյանը և Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտ. թեկնածու Վարդան Մանուկյանը։

Լիլիթ Մարգարյանն իր խոսքում նշեց, որ համալսարանի աշխատակիցների և ուսանողների գիտահետազոտական գործունեության ծավալումը խթանելու, համալսարանում գիտահետազոտական գործունեության առաջնահերթությունների ուղղությամբ բուհի ՌԾ-ով նախատեսված զարգացումն ապահովելու, գիտահետազոտական գործունեության արդյունքները միջազգայնացնելու, ուսումնառություն-հետազոտություն կապն առավել ամուր դարձնելու նպատակով այժմ գործում են 3 կարգեր՝ «ՇՊՀ-ի աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման», «ՇՊՀ-ի աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության առաջնահերթությունների ուղղությամբ ներբուհական դրամաշնորհի տրամադրման» և «ՇՊՀ-ում գիտահետազոտական գործունեության առաջնահերթությունների ուղղությամբ ստացված արդյունքների առևտրայնացման նպատակով լաբորատորիայի հիմնադրման»: Բանախոսի կողմից հանգամանալից ներկայացվեցին վերոնշյալ 3 կարգերի առանձնահատկությունները և հնարավորությունները՝ հրավիրելով հատկապես այն ուսանողների ուշադրությունը, ովքեր ունեն իրական հնարավորություն՝ ներգրավվելու հետազոտական խմբերում:

Բանախոս Վարդան Մանուկյանը, որպես գիտահետազոտական ծրագրերի մասնակից, ներկայացրեց, թե որոնք են ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի գիտահետազոտական գործունեության ուղղությամբ դրամաշնորհային ծրագրերի հնարավորություններն ու առանձնահատկությունները, մասնակցության հստակ և չափելի պայմանները: Նա խորհուրդ տվեց իր գործընկերներին առավել մանրամասն ծանոթանալ մասնակցության պայմաններին՝ դրված բարձր նշաձողին հասնելու համար։

Հանդիպումն ուղեկցվեց ակտիվ հարցուպատասխանով: