Մասնագիտական կողմնորոշման այց ՇՊՀ-ում

Աշակերտների մասնագիտական կողմնորոշման համար «Կենսաբանություն» առարակայից տեսական գիտելիքները բարձրացնելու և դրանց կիրառման գործնական կարողությունները զարգացնելու նպատակով Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Նելլի Ադամյանը «Մոլեկուլյար կենսաբանություն» բաժնի խնդիրների լուծման մեթոդական ցուցումներ թեմայով վարպետության դաս անցկացրեց Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի, Գյումրու թիվ 23 և Շիրակի մարզի Շիրակավանի միջնակարգ դպրոցների ուսուցիչների և 10-11-րդ դասարանների աշակերտների համար։

Հանդիպման սկզբում Կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Ալեքսանյանն աշակերտներին ներկայացրեց ամբիոնում թողարկվող մասնագիտությունների գրավչությունը և աշխատաշուկայում տվյալ ոլորտի մասնագետների պահանջարկի առկայությունը։

Նելլի Ադամյանը ներկաների հետ զրուցեց ժամանակակից գիտության զարգացման համար կենսաբանության լոկոմոտիվ դերի մասին, ներկայացրեց ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի և սպիտակուցի կառուցվածքների միջև կապն ապահովող սխեմա, որն անհրաժեշտ է խնդիրների լուծումը հեշտացնելու համար։ Հարցուպատասխանի միջոցով ապահովեց սխեմայի օգտագործման ընկալումը մասնակիցների կողմից։

Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին ֆակուլտետում, ծանոթացան կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում առկա սարքերին ու սարքավորումներին։