ՇՊՀ-ում կայացավ Պուշկինի 225-ամյակին նվիրված փառատոնի հանդիսավոր բացումը

Ապրիլի 22-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ Պուշկինի 225-ամյակին նվիրված փառատոնի հանդիսավոր բացումը: Փառատոնն անցկացվելու է ապրիլի 22-26-ը՝ ՇՊՀ-ի և Տվերի պետական համալսարանի միջև կնքած համագործակցության հուշագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում: Շնորհիվ Տվերի հայկական համայնքը ներկայացնող «ԱՐԱՐԱՏ» ազգային-մշակութային ինքնավարության և անձամբ նրա ղեկավար ծնունդով գյումրեցի Ելենա Գևորգյանի՝ գործընկերային հարաբերություններ են հաստատվել նաև Գյումրի և Տվեր քաղաքների միջև:

Միջոցառմանը ներկա էին և մասնակիցներին ողջունեցին ՇՊՀ-ի ռեկտոր Ե. Սերոբյանը, ՏՊՀ-ի պրոռեկտոր Ե. Վասիլևան, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Լ. Սանոյանը,  Գյումրու Ռուսական տան ղեկավար Ա. Բերյանևը, Գյումրու թ. 6 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մելքոնյանը:

Իրենց խոսքում նրանք կարևորեցին ժողովուրդների բարեկամության հաստատման ու ամրապնդման գործում գրողների, մշակույթի և արվեստի գործիչների ունեցած դերը, նրանց ծավալած գործունեությունը՝ ցանկանալով, որ այսպիսի անմիջական շփումներն առաջիկայում դառնան ավելի հաճախակի ու պարբերական:

Հյուրերը հրապարակեցին նաև Տվերի քաղաքապետի և ՏՊՀ-ի ռեկտորի շնորհավորական ուղերձները:

Փառատոնի առաջին օրվա ընթացքում Պուշկինի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված իրենց դասախոսություններով հանդես եկան ՇՊՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Կ. Սուքիասյանը, ՏՊՀ Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Ի. Գլադիլինան և նույն ամբիոնի դոցենտ Յու. Պոնոմարյովան:

Աշխատանքային օրվա ավարտին Տվերի թատերական միության նախագահ, արտիստ Տ. Կուզմինն ուշագրավ դրվագներ ներկայացրեց պուշկինյան թեմաներով իրենց  բեմականացման պատմությունից: Հանդիպման այս հատվածն անցավ արտիստի ու ներկաների անմիջական հաղորդակցման, հարց ու պատասխանի, մասնագիտական քննարկման մթնոլորտում:

Ապրիլի 23-ին փառատոնի աշխատանքները կշարունակվեն Շիրակի պետական համալսարանում: