ՇՊՀ-ում ավարտվեց գարնանային ծառատունկը

Սոցիալական գործընկերության ու երկարատև համագործակցության շրջանակներում ապրիլի 15-ին Շիրակի պետական համալսարան էին ժամանել «ԷՅ-ԹԻ-ՓԻ»-Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, ովքեր հերթական առաքելությամբ էին եկել՝ նախորդ տարիներին բուհին նվիրած երկու մշտադալար եղևնիներին ավելացնելով ևս երկուսը:

Վերոնշյալ կազմակերպությունը վերջին երեք-չորս տարիների ընթացքում ՇՊՀ-ի կողմից անցկացվող գարնանային և աշնանային ծառատունկերի ժամանակ հաճելի անակնկալներ է մատուցել՝ այդ ժամանակահատվածում բուհին նվիրելով ավելի քան 180 տարբեր տեսակի ծառեր և շուրջ 250 թփատեսակներ, որոնք այսօր զարդարում են բուհի այգին՝ ուսանողների և աշխատակիցների համար այն վերածելով  գեղագիտական յուրատիպ, ինչպես  նաև «կանաչ մտածողության» այլընտրանքային կրթավայրի:

ՇՊՀ-ի ռեկտոր Ե. Սերոբյանը, բուհի հետ երկարատև ու արդյունավետ համագործակցության համար, որպես լավագույն գործընկերների՝ շնորհակալագրեր հանձնեց «ԷՅ-ԹԻ-ՓԻ» բարեգործական կազմակերպության՝ Հայաստանի ծրագրերի համակարգող Ռուզաննա Առուստամյանին և նույն կազմակերպության աշխատակից Ալեքսանդր Միրզոյանին։

Այս տարվա գարնանային ծառատունկին ՇՊՀ-ի գեղատեսիլ և հարսնացած այգին համալրվեց նորատունկ երեք լորենիներով, շուրջ 40 գիհիներով ու բազմաթիվ թփատեսակներով և տասը մրգատու ծառերով՝ ծիրանենիներ, կեռասենիներ: