ՇՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ
2024թ. հունիսի 28-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ բուհի հիմնադրման 90-ամյակին նվիրված հանրապետական ուսանողական գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 100 ուսանողներ ու մասնագետներ ինչպես ՇՊՀ-ից (60 մասնակից), այնպես էլ ՀՀ մի շարք բուհերից (40 մասնակից), մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանից, Վանաձորի, Գավառի, Գորիսի պետական համալսարաններից:
Մասնակիցների գրանցմանը զուգահեռ վերջիններիս կողմից հավաքվեց գիտաժողովի «խորհրդանիշ» հանդիսացող 90-ամյա համալսարանի խճանկարը:
Գիտաժողովի աշխատանքները կազմակերպվեցին լիագումար նիստում և 6 բաժանմունքներում.
- Բնագիտամաթեմատիկական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ,
- Գիտություններ Երկրի մասին և նրանց դասավանդման մեթոդիկաներ,
- Պատմական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ,
- Բանասիրական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ,
- Մանկավարժական գիտություններ,
- Հոգեբանական գիտություններ:
Գիտաժողովի լիագումար նիստին ողջույնի խոսքով հանդես եկան ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանը, պրոռեկտոր Ն. Ավետիսյանը, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահի տեղակալ Լ. Մարգարյանը: Լիագումար նիստին զեկուցմամբ հանդես եկան ՇՊՀ ուսանողներ Ա. Ղազարյանը և Ն. Մուրադյանը:
Համալսարանի բակում կազմակերպված ընդմիջումից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին բաժանմունքներում, որտեղ մասնակիցները ծրագրին համապատասխան ներկայացրեցին իրենց զեկուցումները: Բաժանմունքների աշխատանքներից հետո ՇՊՀ դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի հանդիսավոր փակումը, որի ընթացքում արդյունքներն ամփոփվեցին բաժանմունքների համանախագահների կողմից, ովքեր հաստատեցին, որ գիտաժողովն անցել է բուռն քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ, բարձրացված խնդիրների համար լուծումների առաջադրմամբ:
ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանը պատվոգրեր ու հուշանվերներ հանձնեց բաժանմունքներում, համանախագահների որոշմամբ, լավագույն զեկուցում ներկայացրած ուսանողներին: Գիտաժողովի հանդիսավոր փակումից հետո հյուրերի համար կազմակերպվեց էքսկուրսիա, որի ընթացքում հյուրերը ծանոթացան Գյումրու պատմամշակութային նշանակություն ունեցող արժեքներին:
Գիտաժողովի կազմակերպման հարցերում ակտիվ մասնակցություն են ունեցել ՇՊՀ կամավոր-ուսանողները, ՈՒԳԸ անդամները:
Գիտաժողովի բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ, իսկ ներկայացված գիտական այն հոդվածները, որոնք գրախոսման արդյունքում կերաշխավորվեն տպագրության, լույս կտեսնեն գիտաժողովի նյութերի ժողովածուում: