ՇՊՀ-ում մեկնարկեցին վերապատրաստման դասընթացները՝ Էրազմուս+ ABioNet ծրագրի շրջանակում

Շիրակի պետական համալսարանում այսօր մեկնարկեց  Էրազմուս+ ABioNet «Բիոարտադրանքների գիտության և տեխնոլոգիաների հայաստանյան գերազանցության ցանց » ծրագրի շրջանակներում իրականացվող երկօրյա վերապատրաստումը:

Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից ժամանած Գերարդ Քուլենն ու Վալերիա Ռաչևան հանդիպում ունեցան Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ե. Սերոբյանի, արտաքին համագործակցության և հասարակայության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հ. Մելքոնյանի և  Էրազմուս+ ABioNet  ծրագրի` ՇՊՀ-ն ներկայացնող թիմի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին երկու համալսարանների միջև հնարավոր  համագործակցության ուղիները՝ շեշտադրելով հատկապես ուսանողների ու դասախոսների ակադեմիական շարժունության ծրագրերի իրականացումը:

Շիրակի մայր բուհի ուսանողների և դասախոսների մասնակցությամբ վերապատրաստման առաջին օրվա թեման ստարտափ (մեկնարկային ծրագրեր) ծրագրեր մշակելն ու իրականացման հնարավոր ուղղությունները բացահայտելն էր:

Ի՞նչ է ստարտափ ծրագիրը, իրականացման ի՞նչ փուլեր է ենթադրում, ինչպե՞ս գրել ու հաջողությամբ իրականացնել այն. այս ու այլ հարցերի պատասխանը տվեց Վալերիա Ռաչևան մի քանի ժամ տևած դասախոսության ընթացքում՝ տարբեր մեթոդների ու գործական առաջադրանքների կիրառմամբ:

Վերապատրաստման դասընթացները կշարունակվեն վաղը՝ հաղորդակցման հմտությունների զարգացման թեմայով: