Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված լսումներ ՇՊՀ-ում

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։

Օրվան նվիրված միջոցառում-լսումներ էր կազմակերպել Շիրակի մարզպետարանը՝ Շիրակի պետական համալսարանի հետ համագործակցությամբ։

Մինչ լսումների մեկնարկը՝ ՇՊՀ-ի ճեմասրահում  հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների ցուցահանդեսն էր, որտեղ հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ սաների ձեռքի աշխատանքներին։

Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետը, ՇՊՀ-ի ռեկտորը, փոխմարզպետեր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և մարզային իշխանության ներկայացուցիչներ, համայնքապետեր, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների  աշխատակիցներ, դասախոսներ և ուսանողներ։

Օրվա խորհուրդը կարևորեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Շիրակի մարզպետը կարևորելով և բարձր գնահատելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման բնագավառում  հիմնահարցերի լուծմանը միտված ջանքերը՝ շնորհակալագրեր հանձնեց մի շարք կազմակերպությունների։

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը կարևորեց նախաձեռնությունը և նշեց, որ համալսարանը ոլորտի համար արհեստավարժ մասանգետներ պատրաստող հաստատություն է, որը որդեգրել է քաղաքականություն՝ տարածաշրջանում դառնալու նաև սոցիալական գործընկերություն ապահովող կենտրոն։

Ներկաներին ողջունեց և ՀՀ Կառավարության կողմից իրականացված ծրագրերն ու առաջիկա անելիքները ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների վարչության պետ Քրիստինե Հովհաննիսյանը։

Ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները, ինչպես նաև մինչ այս կատարած աշխատանքներն իրենց ելույթներում ներկայացրեցին Արիե Կուփերսթոքի անվան Գյումրու վերականգնողական կենտրոնի տնօրեն Անահիտ Աղաջանյանը, «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ արտահիվանդանոցային մանկական վերականգնողական ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը և «Էմիլի Արեգակ» կենտրոնի համակարգող Թամարա Վանոյանը։

Ելույթ ունեցան նաև ապագա մասնագետները, ՇՊՀ-ի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության  4-րդ կուրսի ուսանողները խոսեցին ներառականության մասին և ընդգծեցին, որ ինքնաճանաչման ճանապարհին բոլորս ունենք ներառման կարիք։

Միջոցառման ընթացքում և ավարտին երաժշտական կատարումներով ներկաներին ողջունեցին «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի սաները և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդյաց տան երգչախումբը։