«Դեպի Հայք» -ի կամավորը ՇՊՀ-ում ֆրանսերեն է դասավանդում

Ֆրանսահայ կամավոր Ալեքսանդրը շուրջ 2 ամիս ֆրանսերեն է դասավանդում ՇՊՀ-ում։ Նա պարապմունքներն անցկացնում է «Միջմշակութային հաղորդակցություն (ֆրանսերեն-հայերեն)» և «Սերվիս» մասնագիտությունների բակալավրի 3-րդ կուրսերի ուսանողների հետ՝ ֆրանսերեն դասավանդող դասախոսների համակարգմամբ։

23 տարեկան Ալեքսանդրը Ֆրանսիայից Հայաստան է եկել «Դեպի Հայք» ծրագրով։ Այստեղ է արդեն 6 ամիս և փորձում է բացահայտել իր հայկական ինքնությունը։ Գյումրին շատ է սիրել, իսկ Շիրակի պետական համալսարանում մեծ սիրով է կամավորական աշխատանք կատարում, ասում է, որ իրեն համալսարանում դասավանդելու փաստն է ոգևորում։

ՇՊՀ-ի ուսանողների և դասախոսների հետ հեշտ է մտերմացել և ուրախ է, որ հնարավորություն ունի ֆրանսերենի ու Ֆրանսիայի մասին իր գիտելիքները փոխանցել ուսանողներին, նրանցից էլ հայկական մշակույթի մասին նոր տեղեկություններ իմանալ։

ՇՊՀ-ի դասախոսները ևս կարևորում են նման նախաձեռնությունները, երբ ուսանողները հնարավորություն ունեն ֆրանսախոսի հետ շփվել ու բարելավել լեզվի իմացությունը։

Ի դեպ, Շիրակի մայր բուհը «Դեպի Հայք» հիմնադրամի հետ համագործակցության հարուստ պատմություն ունի։ Կողմերի միջև կնքված համաձայնագրի շրջանակում՝ համալսարանը հյուրընկալել է կամավորների, որոնք տարբեր մասնագիտությունների ուսանողների հետ դասընթացներ են անցկացրել, ինչպես նաև կամավորական աշխատանքներ են կատարել համալսարանի կենտրոններում։