Սպորտլանդիա ՇՊՀ-ում

ՇՊՀ-ում շարունակվում են Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումները։ Այսօր համալսարանի սպորտի և արվեստի ամբիոնի նախաձեռնությամբ սպորտլանդիա էր կազմակերպվել բուհի սպորտային դահլիճում։

Սպորտլանդիային մասնակցում էր 2 թիմ՝ «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության հավաքական թիմում ներգրավված էին բաժնի տարբեր կուսերի ուսանողներ, իսկ ՇՊՀ-ի հավաքական թիմը ներկայացնում էին մյուս մասնագիտությունների ուսանողները։

Մինչ մրցապայքարի մեկնարկը մասնակիցներին ողջունեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը և կարևորեց առողջ ապրելակերպի խթանմանը միտված նախաձեռնության անցկացումը։

Մասնակիցներին ողջունեցին նաև Գյումրու սպորտային մարմնամարզության մարզադպրոցի սաները։

Ուսանողները մրցեցին 7 վարժաձևերում, ծավալվեց թեժ պայքար և ժյուրիի ձայների հաշվառմամբ հաղթող ճանաչվեց  «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժնի հավաքական թիմը։

Ամփոփելով սպորտային մրցումը՝ ՇՊՀ-ի ռեկտորը պատվոգրերով և գավաթով պարգևատրեց սպորտլանդիայի մասնակիցներին ու հաղթող թիմին։