ՓԱ’ՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Մեր երկրի օրհասական պահերին՝ նույնիսկ պետականության թուլացման և պետականություն չունենալու պարագայում, պատվախնդիր հայն իր կյանքն ու արյունը չի՛ խնայել, պատմական նախախնամությամբ մեզ բաժին հասած հայրենիքը պաշտպանելու համար։ Հայրենիքը, որը դարեր ի վեր սրբագործվել է մեր պապերի, հայրերի, եղբայրների ու որդիների արյամբ։

Ուղիղ 1 տարի առաջ, հե՛նց այս ժամին, «Ի զե՛ն» կոչին սպասելով իրենց կյանքը հայրենիքի զոհասեղանին մատուցելու պատրաստրաստվել էր ողջ հայ ազգը։ Մեր առյուծ հայորդիներներից շատերը միացան մեր անմահների գնդին՝ կիսելով երկնային փառքն ու իրենց անունները դրոշմելով պատմության անջնջելի էջերին։ Նրանց շարքում էին Շիրակի մայր բուհի 3 տասնյակից ավելի հերոս հայորդիներ, նրանց փառքի անկյունը ոչ միայն մեր համալսարանի ճեմասրահում է՝ նաև յուրաքանչյուրիս սրտում։

Արման Գրիգորյան
Արման Մանուկյան
Արամ Սիմոնյան
Արման Քոչարյան
Գոռ Խաչատրյան
Դավիթ Ղազարյան
Էլֆիկ Ավետիսյան
Էլֆիկ Գրիգորյան
Լյովա Հարությունյան
Կառլեն Առաքելյան
Հայկ Հակոբյան
Մարգար Հովհաննիսյան
Մարտին Հովհաննիսյան
Միշա Հարությունյան
Վասպուրական Գաբոյան
Տիգրան Մարտիրոսյան
Անդրանիկ Ներսիսյան
Արամ Մուրադյան
Լյուդվիգ Գրիգորյան
Խաչիկ Կարապետյան
Հակոբ Աղաբեկյան
Համլետ Մկոյան
Հրաչ Պողոսյան
Մարտին Ներսիսյան
Մելիքսեթ Արոսյան
Մերուժան Գրիգորյան
Մկրտիչ Մուրադյան
Ջիվան Գրիգորյան
Սերյոժա Վարոսյան
Սրապ Շահինյան
Տիգրան Համբարյան

Նրանցից շատերն այսօր ուսանողական կյանքի բերկրանքն էին վայելելու՝ առաջամարտիկը լինելու 30-ամյա անկախ Հայաստանի առաջընթացի։ Նրանց ուսանողական նստարաններն այսօր զարդարում են հարգանքի, ու խոնարհումի ծաղիկները։

Սեպտեմբերի 27-ի 44-օրյա պատերազմի մասնակից ավելի քան 120 հերոս զավակ այսօր սովորում է Շիրակի պետական համալսարանում։ Ամեն, ամեն օր մենք տեսնում ենք նրանց, ուզում ենք գրկել ու ասել՝ «Երախտապարտ ենք ձեր նվիրումի համար»։

Հիշե՛նք, որ յուրաքանչյուր ցնցում նախ և առաջ մարտահրավեր է վերածննդի, մարտահրավեր՝ լինելու ավելի՛ հզոր, զարգացած ու այլևս՝ անկոտրելի։
Մեր սերունդը վկան է պատմական իրադարձություններով հարուստ մի ժամանակաշրջանի․ 20-րդ դարավերջին մեր երկրի հյուսիսում՝ երկրաշարժից արնաքամ վերքեր, հարավում՝ սումգայիթյան վայրագություններ ու Մարաղա։ Սակայն, այս ամենը հաղթահարելով, ունեցանք դարավոր երազանքի իրականացում՝ Անկախություն ու Արցախյան հաղթանակ։

Պատմական հաջորդ փուլում․ 2016-ին ապրիլյան քառօրյա և 2020-ի սեպտեմբերին 44 օրյա պատերազմներ․ 44-օրյա պատերազմում մեր կորուստը մեծ է․․․ հետևաբար՝ մենք պարտավոր ենք ավելի՛ մեծ հաղթանակներ կերտել։
Հիշենք աշխարհի հզորների օրինակը․ Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիան և Ճապոնիան անվերապահ կապիտուլացիոն փաստաթուղթ ստորագրեցին։ Այսօր՝ Գերմանիան աշխարհի ամենազարգացած երկրներից է Մեծ յոթնյակի երկրների թելադրողներից։ Ճապոնիան՝ անվիճելի առաջատար է նորագույն տեխնոլոգիաներով, կրթական ու մի շարք ոլորտներում։

Մենք կոփվե՛լ ենք պատերազմով ու կորուստներով, ուրեմն այսօր, քան երբևէ՛ յուրաքանչյուրս մեր ոլորտում դառնալու ենք ավելի՛ հզոր Հայաստանի հենասյունը։

Փա՛ռք մեր անմահներին․․․
Փա՛ռք մեր հերոսներին․․․
Փա՛ռք ավելի հզո՛ր Հայաստանի ապագան կերտողներին․․․