Վարդուհի Մուրազյանը՝ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթող

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները։
ՇՊՀ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Վարդուհի Մուրազյանը մրցույթի հումանիտար գիտությունների ոլորտում գրավել է 3-րդ տեղը։
Վարդուհին Շիրակի պետական համալսարանում ուսումնառելիս ոչ միայն բարձր առաջադիմություն է ցուցաբերում, այլ նաև ակտիվ գիտական ու հասարակական գործունեություն է ծավալում։
Նա հասցրել է գիտական հոդված տպագրել միջազգային գիտական ամսագրում, մասնակցել ուսանողական գիտաժողովների, լինել ՇՊՀ-ի ուսանողական գիտական ընկերության նախագահը։
Ուսանողուհին կամավորական աշխատանքի հարուստ փորձ ունի․ կամավորություն է արել համալսարանի գրադարանում, գիտական քաղաքականության, որակի ապահովման ու կառավարման կենտրոնում, անգլերենի ակումբավար է եղել Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում։
Վարդուհին նաև նաև մի շարք միջազգային ծրագրերի է մասնակցել․ Էրազմուս+ ծրագրով վերապատրաստում է անցել Խորվաթիայում, APY ծրագրով Եվրոպայի մի քանի համալսարաններում է եղել ուսումնական այցով։
Մեր հարցին, թե ինչպես է ամեն տեղ հասցնում ակտիվություն ցուցաբերել, Վարդուհին նշում է, որ միայն ցանկություն ու ժամանակի ճիշտ կառավարում է պետք։ Ասում է՝ համալսարանն ընձեռում է բոլոր հնարավորությունները ինքնադրսևորվելու և կայանալու, անհրաժեշտ է ուղղակի դրանք նպատակային ու արդյունավետ օգտագործել։
«ՇՊՀ-ն ինձ համար հնարավորություններ է ստեղծել և ես միայն օգուտ եմ քաղել այդ հնարավորություններից»- հպարտորեն նշում է Վարդուհին։
Նշենք, որ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներն առաջիկայում կպարգևատրվեն հավաստագրերով և անվանական կրթաթոշակներով։