Պատմաճանաչողական այց՝ ՇՊՀ-ի ռազմական ամբիոնի առաջին կուրսեցիների մասնակցությամբ

«Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից» ․․․ հենց այս խորագրով  ՇՊՀ-ի ռազմական ամբիոնի ավագ դասախոս, փոխգնդապետ Վարդան Մուրադյանի նախաձեռնությամբ կայացավ «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողների առաջին ճանաչողական այցը Հայաստանի պատմամշակութային վայրեր։

Ուսանողները նախ այցելեցին Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհեցին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող անմար կրակի մոտ, շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին՝  հազարավոր նյութերին, փաստաթղթերին, լուսանկարներին:

Հայրենաճանաչության յուրօրինակ դաս էր Հայաստանի պատմության թարգարան այցելությունը, որտեղ ուսանողները հին քարի դարից մինչև մեր օրեր ներկայացնող թանգարանային ցուցանմուշների միջոցով ծանոթացան Հայաստանի և հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին։

Ապագա զինղեկներն այնուհետ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների զոհերի շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի համար նահատակվածների հիշատակին։

Առաջինկուրսեցիները եղան նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում, որտեղ ցուցադրվում են արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակի անձնական իրերը, փաստաթղթերն ու ձեռագրերը, արևմտահայ նկարիչների հավաքածուներ, որոնցից առանձնանում են հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավները։

Ճանաչողական այցի վերջին կանգառը Օշականն էր, ուսանողներն այցելեցին հայոց խաչքար-տառերի պուրակ և Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որտեղ գտնվում է հայ գրության հիմնադիր ու հայերի առաջին ուսուցիչ Մաշտոցի շիրիմը։

Ամփոփելով պատմաճանաչողական այցը՝ կուրսի խորհրդատու, փոխգնդապետ Վ. Մուրադյանը կարևորում է ռազմահայրենասիրական դաստիարակության, հայոց պատմության և ազգային արժեքների ճանաչման ու արժևորման նպատակով ռազմական ամբիոնում պարբերաբար իրականացվող նախաձեռնությունները, որոնք առավել ամբողջացնում և արդյունավետ են դարձնում տեսական դասընթացները։ Ուսանողների համար օրը հագեցած էր հետաքրքիր տպավորություններով ու լի նոր բացահայտումներով։