«Համազգային շարժումը որպես հայկական լուսավորության քաղաքական փուլ» թեմայով դասախոսություն ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանը հյուրընկալել էր պետական գործիչներ Աշոտ Ոսկանյանին և Արամ Մանուկյանին։
Հյուրերին և հանդիպման մասնակից ուսանողներին ու դասախոսներին ողջունեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը՝ կարևորելով պետական գործիչների հետ նմանօրինակ հանդիպումների հնարավորությունը համալսարանականների համար։
Արամ Մանուկյանը խոսեց «անկախություն» և «ազատություն» արժեքների, անկախ պետականության հաստատման գործընթացի մասին, ներկայացրեց «Անկախությունը և ազատական բարեփոխումները» գրքերի երկու հատորները, որոնցում տեղ են գտել Հայաստանի անկախացումից ի վեր քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների մասին դրանց իրականացման գործի հիմնական պատասխանատու անձանց հոդվածները։
Արամ Մանուկյանը ՇՊՀ-ի գրադարանին նվիրեց երկհատոր գրքերի օրինակներ, իսկ մասնակիցներին Հայաստանի անկախության մասին հռչակագրի տեքստի կրկնօրիակներ բաժանեց։
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աշոտ Ոսկանյանը հանդես եկավ «Համազգային շարժումը որպես հայկական լուսավորության քաղաքական փուլ» թեմայով դասախոսությամբ։
Ուսանողներն ու դասախոսները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերը հղել բանախոսներին, նրանց կարծիքն իմանալ ներկայիս մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ, որի շուրջ էլ ծավալվեց արդյունավետ քննարկում։
Դասախոսության ավարտին տեղի ունեցավ նաև Աշոտ Ոսկանյանի և Սիրանուշ Դվոյանի «Վերամտածելով համալսարանական ավանդույթը Հայաստանում» գրքի շնորհանդեսը։ Հեղինակներն իրենց մակագրությամբ գրքեր նվիրեցին մասնակիցներին: