ՇՊՀ-ում էր Դուբնայի ՄՀՄԻ-ի պատվիրակությունը

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Շիրակի պետական համալսարանում էր  ՄՀՄԻ-ի պատվիրակությունը։

Այցի շրջանակում պատվիրակության ներկայացուցիչներին ընդունեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։

Այնուհետև, բուհի նիստերի դահլիճում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հյուրերին ներկայացրեց Գիտական քաղաքականության և նորարաության կենտրոնի տնօրեն Լիլիթ Մարգարյանը: Մասնակիցներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց ռեկտոր Երվանդ Սերոբյանը՝ ընդգծելով միջազգային առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության ամրապնդման, ինչպես նաև համատեղ կրթական և գիտահետազոտական նախաձեռնությունների իրականացման կարևորությունը։

ՄՀՄԻ-ի Ուսումնական-գիտական կենտրոնի տնօրեն Դմիտրի Կամանինը համալսարանականներին ներկայացրեց իրենց կազմակերպության պատմությունն ու կառուցվածքը, ինչպես նաև՝ գիտակրթական ներուժը, գործունեության հիմնական ուղղություններն ու կրթական հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում ՄՀՄԻ-ի Ուսումնական-գիտական կենտրոնի կրթական նախաձեռնությունների տեղեկատվական ապահովման խմբի ղեկավար Անաստասիա Սուշևիչն էլ հանդես եկավ «Գիտության հանրահռչակումը դպրոցներում և բուհերում» խորագրով դասախոսությամբ։

Աշխատանքային հանդիպումն ուղեկցվեց ակտիվ հարցուպատասխանով և  քննարկմամբ։