ՇՊՀ-ում էին «Ռուսաց լեզվի դեսպանները աշխարհում» միջազգային ծրագրի կամավորները

Այսօր Շիրակի պետական համալսարանում էին «Ռուսաց լեզվի դեսպանները աշխարհում» միջազգային ծրագրի կամավորները:

Միջազգային ծրագրի նպատակը ռուսաց լեզվի դեսպանների միջոցով տարբեր երկրներում իրականացվող դասընթացների շնորհիվ աշակերտներին և ուսանողներին ռուսաց լեզվին ու գրականությանը, ռուսական մշակույթին ու արվեստին ծանոթացումն է։

Գյումրիում Ռուսական տան նախաձեռնությամբ ծրագրի կամավորները դասընթաց անցկացրին Շիրակի պետական համալսարանում՝ «Ռուսաց լեզու և գրականություն», «Թարգմանչական գործ (անգլերեն և ռուսերեն)» մասնագիտությունների ուսանողների մասնակցությամբ։

Միջմշակութային հաղորդակցությանը նվիրված դասընթացը ՇՊՀ-ում անցավ ինտերակտիվ խաղերի ու վիկտորինաների ձևաչափով։ Առավել ակտիվ ուսանողները խորհրդանշական նվերներ ստացան։

Նշենք, որ 2015 թվականից սկսած Մոսկվայի Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի կողմից իրականացվող «Ռուսաց լեզվի դեսպանները աշխարհում» միջազգային կամավորական ծրագիրը Հայաստանում այս տարի անցկացվում է հոկտեմբերի 18-24-ը։