ՇՊՀ-ում ավարտվեցին մասնագիտական կողմնորոշման այցերը
Մասնագիտական կողմնորոշման նպատակով 2026 թվականի ապրիլի 21-ից մինչև մայիսի 8-ը Շիրակի պետական համալսարանը հյուրընկալել է Գյումրու և Շիրակի մարզի տարբեր համայնքների 16 դպրոցների 225 աշակերտների:
Անցնող շաբաթվա ընթացքում համալսարանում էին Ախուրյանի թիվ 1 հիմնական, Բավրայի, Մայիսյանի միջնակարգ, Գյումրու թիվ 31 հիմնական դպրոցների, ինչպես նաև Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բարձր դասարանների աշակերտները։
Այցերի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան շրջելու համալսարանի բոլոր ֆակուլտետներում՝ ծանոթանալով համալսարանական միջավայրին և ուսանողական առօրյային:
Այս հանդիպումները ոչ միայն ճանաչողական այցեր էին, այլև կամուրջ՝ դպրոցի և բուհի միջև, ինչն աշակերտներին հնարավորություն տվեց անձամբ ծանոթանալու իրենց հետաքրքրող մասնագիտությունների առանձնահատկություններին։
